Մեղադրանք է առաջադրվել ոստիկանին
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 25.06.2018թ.-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Ա. Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա 2016 թվականի հուլիսի 29-ին, անցնելով պաշտոնեական լիազորությունները, բռնություն է գործադրել Մարատ Յավրումյանի նկատմամբ և նրա առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս:
Այսպես, Ա. Կ.-ն 2016թ.-ի հուլիսի 29-ին ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների հետ ուժեղացված ծառայություն է իրականացրել Երևան քաղաքի Մ. Խորենացի փողոցում, որտեղ ժամը 22:30-ի սահմաններում` հավաքված քաղաքացիների ցույցը ցրելու նպատակով ոստիկանության զորքերի կողմից հատուկ միջոցներ կիրառելուց հետո, ՊՊԾ գնդի մյուս ծառայողների հետ, ենթադրաբար իրավախախտում կատարած անձանց, այդ թվում` Մարատ Յավրումյանին տեղափոխել են նույն փողոցում կազմված ոստիկանական պատնեշից այն կողմ:
Այդ ընթացքում Մ. Յավրումյանը բղավել է՝ մտահոգություն հայտնելով իր հետ նշված վայրում գտնվող անչափահաս երեխայի առանց հսկողության մնալու առնչությամբ: Մ. Յավրումյանին լռեցնելու նպատակով Ա. Կ.-ն ոտքով հարվածել է վերջինիս դեմքին, պատճառել միջին ծանրության մարմնական վնասվածքներ` քթոսկրերի կոտրվածքի և գլխուղեղի ցնցման ձևով:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: