Կարապի, խեցգետնի ու գայլաձկան նման
Սահմանադրագետ Վարդան Այվազյանը նշում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները այլընտրանք չունեն: Նրա խոսքով, Հայաստանի իշխանական համակարգում ստեղծված իրավիճակը սահմանադրական հասկացությունների շրջանակից դուրս է, որովհետեւ Ելքն իշխում է գործադիրում , Հանրապետականը՝ օրենդիրում:
«Սահմանադրական կառուցակարգերի առումով, ունենք ժամանակավոր կառավարություն, թեեւ Սահմանադրությունը նման ինստիտուտ չի ենթադրում եւ ընդհանրապես, ստեղծված իրավիճակը տրամաբանության մեջ չի տեղավորվում, որովհետեւ ունենք գործող կառավարություն, որը համարվում է խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցիչը: Խորհրդարանական կառավարման ձեւի պարագայում նման ոչ համարժեք վիճակ տեսականորեն պատկերացնել հնարավոր չէ»,-նշել է սահմանադրագետը :
Նա գործող Սահմանադրության բացն է համարում ստեղծված իրավիճակն ու ժամանակավոր կառավարության գոյությունը, որը պետք է գործի մինչեւ արտահերթ ընտրությունների անցկացումը:
Անդրադառնալով ԸՕ սպասվող փոփոխություններին, Վարդան Այվազյանն ասել է.«ԸՕ դիտարկվում է ոչ թե որպես իրավական փաստաթուղթ, այլ քաղաքական փաստաթուղթ: ԸՕ փոփոխությունների ոլորտում միայն քաղաքական ուժերի ներկայացուցիչներն են ներգրավվում չգիտես ինչու, արդյունքում նույն վիճակն ենք ունենում»:
Սահմանադրագետի խոսքով, եթե քաղաքական ուժերն են մշակում ԸՕ-ը, կարապի, խեցգետնի գայլաձկան նման յուրաքանչյուրը պետք է ձգտի այնպես տանել փոփոխությունների նախագիծը, որ առավելագույնը բխի իր քաղաքական ուժի շահից: