Նա խոստումներ էր տալիս, հավատում էին, հիմա եկել է մի ուրիշը, որ էլի խոստում է տալիս
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, հեղափոխություն չէր, այլ ընդամենը վերնախավի փոփոխություն, ընդ որում՝ մասնակի:
«Նոր կառավարման համակարգում 1/3-ը հանրապետական կամ այլ կուսակցության ներկայացուցիչներ են , որոնք պրոֆեսիոնալներ են եւ շարունակում են աշխատել»,-նշել է սոցիոլոգը, հավելելով, թե մեծամտություն է ասել, որ սա հեղափոխություն էր:
Ահարոն Ադիբեկյանի խոսքով, հասարակությունը ցանկացած նոր դեմքի հետ հույսեր է կապում եւ կարծում է, թե հենց նա է այն Մովսեսը, որն իրեն կհանի երանելի ափերը:
«Այդպես եղել է 98 թվականից ի վեր: Բոլորի հետ հույսեր են կապել, որ իրենց խնդիրը կլուծի, բայց խնդրի լուծումը կախված է ոչ միայն իշխանական խավերից, որոնք պատասխանատու են երկրի տնտեսական զարգացման, պաշտպանության խնդիրների համար, այլ հասարակությունից, եթե մենք բոլորս միակողմ չշարժվենք, երկրում որեւէ բան չի փոխվի: Հայը կարծում է, որ կարող է գալ մեկը, որն իր բոլոր հարցերը կլուծի»,-նշել է Ահարոն Ադիբեկյանը՝ հիշեցնենլով, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ռեյտինգը 3 ամսվա ընթացքում 60-ի հասավ:
«Նա խոստումներ էր տալիս, հավատում էին, հիմա եկել է մի ուրիշ դեմք, որ էլի խոստում է տալիս, էլի իրեն կհավատան, կգա մեկ ուրիշը, կհավատան, որովհետեւ խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն:
Մենք ունենք գործազուրկների մեծ բանակ, ամեն 10-րդ ընտանիքը սոված է քնում: Եթե մեկը գալիս է, ասում է՝ ես կբարձրացնեմ քո աշխատավարձը, թոշակը, իր ձայնը նրան են տալիս՝ առանց հասկանալու, դա իրո՞ք այդպես է, թե՞ ընդամենը դատարկ խոստում»: