Մանվել Գրիգորյանի փաստաբանը չի բացառում, որ կդիմի ՄԻԵԴ
ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը չի բացառում, որ կդիմի ՄԻԵԴ՝ իր պաշտպանյալին խոշտանգման ենթարկելու համար:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը փաստաբանը հայտարարել էր, որ Մանվել Գրիգորյանը տառապում է այնպիսի հիվանդություններով, որոնք ընդգրկված են կառավարության որոշման մեջ, որով անհամատեղելի է անձին արգելանքի տակ պահելը, այսինքն կալանավորելը: Փաստաբանը հայտարարել էր, թե կալանքի տակ պահելով իր պաշտպանյալին, պետությունը հանցագործություն է կատարում անձի նկատմամբ:
«Ես ակնկալում եմ եւ հավատում եմ, որ մեր ներպետական օրենքներով սահմանված կարգով կարող ենք այդ հարցերի պատասխանը ստանալ, բայց դրա բացակայության դեպքում օրենքով սահմանված կարգով դիմելու ենք միջազգային ատյաններ , այդ թվում ձեր նշած ատյաններ», -պատասխանելով լրագրողների հարցին, թե պատրաստվում է արդյոք փաստաբանը խոշտանգման հարցով դիմել ՄԻՊ գրասենյակ կամ, ՄԻԵԴ, ասել է Լեւոն Բաղդասարյանը: