Թե չէ՝ ի՞նչ, պարոն վարչապետ. Հրապարակ
Նիկոլ Փաշինյանին եւ նրա այս համաձայնության կառավարությանը շտապ ընդդիմություն է պետք: ՀՀԿ-ից ընդդիմադիր դուրս չեկավ, չեն ձգում, բացի այդ էլ՝ այնքան խոցելի են, որ ինչ լինում է, իսկույն Նիկոլ Փաշինյանի օգտին են քվեարկում: Այսպես չի լինի, ի՞նչ է նշանակում’ իշխանություն՝ առանց ընդդիմության: Մի քիչ էլ այսպես շարունակվի, Փաշինյանն իր թիմով «բեսպրեդելշչիկ» կդառնա, ինչպես ուժայինների եւ հատկապես ԱԱԾ հովանու ներքո գործող բոլոր ուժերը:
Ահավասիկ, ժողովրդական վարչապետը գրառում է կատարել այն մասին, որ որոշ հեռուստաընկերություններ հակապետական քարոզչություն են տանում՝ չնշելով, թե հատկապես որ հեռուստաընկերությունը կամ հեռուստաընկերությունները: «Որոշ հեռուստաընկերություններ, փաստորեն, օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից, որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել: Սա, թերեւս, այն դեպքերից է, երբ իշխանության բարեկրթությունը ոմանք կրկին ու կրկին շփոթում են թուլության կամ միամտության հետ: Մի’ արեք: Պարզապես մի’ արեք»,- գրել է Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում, որն այս օրերին վերածվել է ՀՀ թիվ 1 լրատվամիջոցի:
Ճիշտն ասած՝ այս օրերին ես միայն ֆուտբոլ եմ դիտում, որովհետեւ հայկական հեռուստաընկերություններում, ներառյալ Փաշինյանի էջում, դիտելու բան չկա՝ կամ սերիալ է, կամ հա-հա, հի-հի: Անկեղծ ասած՝ հեռուստատեսությամբ քարզչության, այն էլ հակապետական քարոզչության մասին առաջին անգամ լսեցի վարչապետից: Եվ տեսնես այդ ո՞ր հեռուստատեսությունն է, որ փորձել է սերիալների արանքում իր գլխից ավելի բարձր թռչել ու զբաղվել քարոզչությամբ: Ստացվում է, որ հայկական հեռուստատեսության բնագավառում դեռ ամեն ինչ կորած չէ, որովհետեւ դեռ կարողանում են նույնիսկ վարչապետի ուշադրությանն արժանի քարոզչություն անել: Բայց մեզ նաեւ մի այսպիսի անկարեւոր հարց հուզեց՝ իսկ ինչի՞ց է վարչապետը որոշել, որ տվյալ հեռուստատեսությունը հակապետական քարոզչություն է անում:
Նիկոլ Փաշինյանն անուններ չի տվել, իսկ լրագրողներին չի հաջողվել Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանի բերանից աքցանով խոսք քաշել եւ հանրությանը փոխանցել այն «հանցավոր» հեռուստաալիքի կամ հեռուստաալիքների անունները, որոնք երկնագույն էկրանից հակապետական քարոզչությամբ են զբաղվում: Բա հիմա ի՞նչ անենք, երբ վարչապետը լրատվամիջոցներին ուղիղ խոսքով ասում է՝ ուրիշ բաներ մի գրեք, ցույց մի տվեք, թե չէ… Թե չէ՝ ի՞նչ, պարոն վարչապետ: Ի՞նչ է նշանակում’ «օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ իրավունքից՝ հակապետական քարոզչություն եք իրականացնում»: Գոնե հասկանում եք, թե դա ինչ մեղադրանք է լրատվամիջոցի հասցեին:
Դուք, այսինքն, կարող եք նաեւ այս հոդվածը հակապետական համարել, որովհետեւ դրա հեղինակը Ձեզ լեգիտիմ վարչապետ չի համարում, քանի դեռ վարչապետ չեք դարձել ընտրություններով, քանի դեռ մեր ժողովրդի այն հատվածը, որ չի մասնակցել Ձեր գլխավորած փողոցային անկարգություններին, դեռ չի ասել իր խոսքը, եւ հայտնի չէ, թե ինչպիսին է ժողովրդի կողմ եւ դեմ քվեների պատկերը:
Եվ ապա՝ այդ ո՞ւմ եք հաթաթա տալիս, ո՞վ է խանգարում Ձեզ եւ Ձեր թիմին՝ որեւէ այլ գործով եւս զբաղվել: ԱԱԾ-ն առաջ տված պետություն է կառուցում, տնտեսություն է զարգացնում, թոշակ ու աշխատավա՞րձ է բարձրացնում: Մինչ օրս ձեր ծանոթ-բարեկամներին գործի նշանակելու հրամաններից բացի բան չեք ստորագրել, հիմա եկել ուրիշին եք մեղադրում հակապետական քարոզչություն անելու մեջ: Իսկ ինչի՞ համար է այդ թիթիզությունը’ անուններ չենք տալիս: ԱԱԾ-ն ուղարկեք խնդրո առարկա հեռուստատեսություն եւ վերջ: Փաշինյանի խոսնակն էլ ասում է’ ում որ նկատի ուներ վարչապետը, նա արդեն հասկացել է եւ այլեւս չի անի: Չէ-հա: Պատկերացնում եք, «հակապետական քարոզչության» լծված հեռուստատեսությունը հանկարծ սկսում է պետականամետ դառնալ, որովհետեւ Փաշինյանը, «որոշ հեռուստաընկերությունների նկատի ունենալով», ահազանգ է հնչեցրել:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: