Խնդրի ռազմական լուծումն անթույլատրելի. է. Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հունիսի 19-ին Տիրանայում հանդիպել է ՍԾՏՀ ԽՎ-ում Մոլդովայի պատվիրակության ղեկավար Վիոլետա Իվանովի հետ: Հանդիպմանը ներկա է եղել ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը:
Կողմերը կարեւորել են հայ-մոլդովական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, փոխայցերի աշխուժացումը:
Անդրադարձ է կատարվել սեւծովյան տարածաշրջանում առկա հակամարտություններին. զրուցակիցները ներկայացրել են իրենց տեսակետներն ու մտահոգություններ հայտնել որոշ խնդիրների առնչությամբ: Կարեւորվել է հակամարտությունների կարգավորումը բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Էդուարդ Շարմազանովը նշել է. «Խնդրի ռազմական լուծումն անթույլատրելի է: Խաղաղ կարգավորմանն այլընտրանք չպետք է լինի: Անհրաժեշտ է գիտակցել ինքնորոշման իրավունքի իրացման կարեւորությունը»:
Զրուցակիցները կարեւորել են փոխշահավետ համագործակցության խորացումը միջազգային խորհրդարանական տարբեր հարթակներում: