Մանվելից բացի եւս երեք պատգամավոր. Հայկական Ժամանակ
Երեկ Ազգային ժողովի արտահերթ նիստում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը զրկվեց անձեռնմխելիությունից, եւ Ազգային ժողովը հավանություն տվեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությանը:
Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության քվեարկությանը 105-ից 82 պատգամավոր մասնակցեց: Ներկաներից կողմ քվեարկեց 77, դեմ՝ 3 պատգամավոր: Անվավեր ճանաչվեց 2 քվեաթերթիկ: Ազգային ժողովը մեկ այլ գաղտնի քվեարկությամբ հավանություն տվեց Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու միջնորդությանը:
Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը կողմ քվեարկեց 81, դեմ՝ 3 պատգամավոր: 1 քվեաթերթիկ համարվեց անվավեր: Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումն անցավ լարված մթնոլորտում: Պատգամավորների քաղաքական հայտարարությունները կազմված էին մեղադրական ճառերից եւ ինչ-որ չափով էլ շրջանցում էին անմեղության կանխավարկածի առկայությունը: Մասնավորապես, Ծառուկյան խմբակցությունից Սերգեյ Բագրատյանը իր ելույթում Մանվել Գրիգորյանին դրդեց ինքնասպանության:
«Եթե այս մեղադրանքը հաստատվի, ապա Մանվել Գրիգորյանին կփրկի ո՜չ մուրճը, ո՜չ նալը, ո՜չ մեխը, այլ միայն պարանը: Եթե այս մեղադրանքները հաստատվեն, սա կդիտվի պետական դավաճանություն: Մենք մեր մանուկների աչքերին չենք կարող նայել: Մենք հայրենասիրություն ենք ցանկանում ներարկել մատաղ սերնդին, ու նման դաժան վերաբերմունք Արցախի հերոսի կողմի՞ց, սա անբացատրելի է: Այդ պարանը կարող է խարանը հանել հայ ժողովրդի ծանրացած սրտից»,- հայտարարեց Բագրատյանը:
Նույն խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանն էլ թերթի հետ զրույցում ասաց, որ Մանվել Գրիգորյանը «շարքային մարադյոր է»: Զոհրաբյանի համար տարօրինակ է՝ ինչպես են զինվորին հասանելիք սնունդն ու իրերը հայտնվել նրա ամառանոցում:
«Բացահայտումներ լինելու են, եւ մենք պետք է ստանանք բոլոր հարցերի պատասխանը ինչպե՞ս եղավ, որ ապրիլյան պատերազմի ժամանակ դպրոցների կողմից աոաջնագիծ ուղարկված արկղերը հայտնվեցին մարադյոր Մանվելի, այդ շարքային դավաճանի առանձնատանը»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ Հժ-ի հարցին ի պատասխան ստեղծված իրավիճակը որակեց «խայտառակություն»:
«Սա խայտառակություն է եւ սրբապղծություն: Սա աննախադեպ է, սրա նմանը չի եղել: Մենք պետք է մտածենք ինչպես վերացնել հետեւանքները, որ վերականգնենք մեր ազգային հպարտությունը, մեր ազատամարտի ձեռք բերած դարակազմիկ նվաճումները, եւ որեւէ մեկին թույլ չտրվի սա օգտագործել դա նսեմացնելու համար», – հայտարարեց Արմեն Ռուստամյանը նշելով, որ բացահայտումները պետք է կատարվեն հնարավորինս արագ:
ԱԺ-ի գեներալ պատգամավորներից Ֆելիքս Ցոլակյանն էլ կարծում է, որ առանց նախկին իշխանությունների եւ համապատասխան մարմինների իմացության՝ հնարավոր էր եւ սնունդը պահեստավորել, անգամ զենք-զինամթերքը: «Ես չեմ կարող ասել ինչպես է եղել, զենքի հետ կապված կարելի էր սպասել, բայց երեխաների նամակների ու սնունդի ոչ: Ո՞նց կարող է դա նորմալ լինել: Եթե զենքի հետ կապված մի քիչ մտածեք, կհասկանաք ինչու եմ տենց ասում, որովհետեւ կռված մարտիկ է, եւ հնարավոր է զենք լիներ», – նկատեց նա: ՀՀԿ փոխնախագահներից Գալուստ Սահակյանն էլ չի կիսում այն տեսակետը, որ Գրիգորյանի կողմից թույլ տված չարաշահումները տեղի են ունեցել Հանրապետանի թողտվությամբ.
«Եթե դուք որեւէ բան անեք, դրանում եւ՛ ՀՀԿ-ն է մեղավոր, ե՜ մյուս կուսակցությունները: Երկրում ինչքան արատավոր բան կա, դրանում տեսնում եմ իմ մեղավորությունը, ոչ թե տեսնում եմ որպես ՀՀԿ լիդերներից մեկի, այլ որպես քաղաքացու», – նշեց նա: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ թերթի հետ զրույցում ասաց՝ եթե հանցանքը հաստատվի, ապա Մանվել Գրիգորյանը կպատժվի օրենքի ամբողջ խստությամբ: «Եթե կա հանցանքը ու այն հաստատվի, ապա օրենքի ամենայն խստությամբ կկրի իր պատիժը, հանցակիցները՝ նույնպես», – նշեց նա: Հարցին, թե Հանրապետականի իշխանության շրջանում շատ անգամներ է խոսվել այդ չարաշահումների մասին, ինչո՞ւ է ԱԱԾ-ն «ձեռքերը ծալած» նստել, Բաղդասարյանը նշեց. «Դա արդեն հարցրեք իրավապահ մարմիններին»:
Քաղաքական ուժերի հայտարարություններից զատ, ուշագրավ էր նաեւ այն, որ երեք պատգամավոր այնուհանդերձ դեմ էին եղել, որ Մանվել Գրիգորյանն անձեռմխելիությունից զրկվի: Կարելի է ենթադրել, որ ԱԺ-ում Մանվել Գրիգորյանից բացի կա եւս 3 անձ, ովքեր պատրաստ են ուտել «Զինվորի բաժինը»: