Վտանգի տակ է 600 հոգու աշխատատեղ
«Վտանգի տակ է 600 հոգու աշխատատեղ, ջուրն են ընկնում արդեն իսկ կայուն բիզնես նախագծերը», Նատիի բնակիչների նամակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Նատի թաղամասի շուրջ 120 բնակիչ նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին:
Նրանք պահանջում են երաշխիք, որ իրենք, իրենց այգիները, անասունները, շրջապատող միջավայրը չեն վնասվի «ԱրմՕյլ» ընկերության կողմից ապօրինի կառուցվող նավթավերամշակման գործարանի գործունեության արդյունքում:
Նամակում մասնավորապես ասված է.
««Լուբրեքս» ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ «Արմօյլ» ընկերությունը Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում մինչև օրս առանց բնապահպանական փորձաքննության կառուցում է նավթավերամշակման գործարան:
Նավթավերամշակման արտադրությունը պարտադիր ենթակա է բնապահպանական փորձաքննության և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով դիտարկվում է ամենաբարձր ռիսկայնություն ունեցող` «Ա» կատեգորիայով:
«ԱրմՕյլ» ընկերությունը որևէ նախագիծ փորձաքննության չի ներկայացրել, հետևաբար, չունի բնապահպանական փորձաքննության եզրակացություն և շարունակում է ապօրինաբար մեր տների, գործարանների և այգիների կողքին կառուցել միջավայրի համար խիստ վտանգավոր օբյեկտ:
Խնդրին դեռ անցած տարվանից տեղյակ է պահվել ՀՀ բնապահպանության նախարարությունը, խնդրին տեղյակ է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, խնդրին տեղյակ է դատախազությունը, խնդրին տեղյակ է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը, Մարդու իրավունքների պաշտպանը, Քաղաքաշինական պետական տեսչությունը:
…Մեր կողմից հասցեագրված նամակներն անարձագանք չեն մնում այն իմաստով, որ եթե ես եմ նամակի հեղինակը, այսինչ այսինչյանս, ապա պետք է ակնկալեմ, որ պետք է ինձ ահաբեկեն կամ վախեցնեն, որն արդեն իսկ մի քանի անգամ տեղի է ունեցել:
Գործարանի կառուցման թույլտվություն որպես այդպիսին չկա ոչ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ոչ էլ առավել ևս ՀՀ բնապահպանության նախարարությունից:
Ցանկանում ենք առանձնահատուկ նշել, որ հողատարածքի գյուղատնտեսական նշանակությունը փոխվել է առանց փորձաքննության: Կառուցվող գործարանը բնակավայրից տառացի 20 մետր է հեռու և քաղաքաշինական ոչ մի հիմնական նորմ պահպանված չէ: Այս մասին մենք տեղեկացրել ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը, որից ստացել ենք նամակ այն մասին, որ իրենք տեղյակ չեն Նատի թաղամասում կառուցվող պայթունավտանգ գործարանի մասին: Նախարարությանը հասցեագրված նամակից 4 ամիս ավել է անցել, սակայն մենք պատասխան չունենք և անգամ չգիտենք` պահպանված են գործարանում հրդեհային անվտանգության նորմերը և այլևայլ չափորոշիչներ, թե` ոչ, գործարանի շահագործումը մեր կյանքին վտանգ սպառնում է, թե` ոչ:
Մեր բազմաթիվ նամակների արդյունք է եղել միայն այն, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում «ԱրմՕյլ» ընկերության նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ:
Մեզ համար հարցն օրակարգային է, տարածքում են գտնվում էկո սննդամթերքի արտադրություններ, կաթնամթերքի «Անի» գործարանը, ընկույզի յուղ պատրաստող գործարանը իր ընկույզի այգիներով, չրեր արտադրող մեկ այլ գործարան ու կոնյակի ու սուրճի գործարաններ, անասնակերի գործարանը: Կոպիտ հաշվարկով վտանգի տակ է դրվում 600 հոգու աշխատատեղ, ջուրն ընկնում արդեն իսկ կայուն բիզնես նախագծերը:
… Մենք` բնակիչներս, բազմիցս դեռ նախկին կառավարության օրոք հարյուրավոր նամակներով դիմել ենք պետական գերատեսչություններին, լրատվամիջոցներին` նրանց ուշադրությունը սևեռելով այս բնապահպանական աղետի վրա, բայց քանի որ մեղավորներն այս գործում շատ են, այն շարունակաբար անտեսվել է:
Պարոն ժողովրդական վարչապետ Փաշինյան, մենք հավատացել ենք Ձեր արդարությանը, մի թողեք, որ Եղվարդ քաղաքի ղեկավար Նորիկ Սարգսյանը մեզ արհամարհի, ոտնահարելով մեր իրավունքները, մեր երեխաների առողջ միջավայրում ապրելու իրավունքը խլի:
Նորիկ Սարգսյանը «ԱրմՕյլ» ՓԲԸ-ին 18 սեպտեմբերի 2015 թվականի N306 որոշմամբ Եղվարդ քաղաքի համայնքի վարչական տարածքում գտնվող 0.4906 քմ մակերոսով հողատարածքի նշանակությունը ապօրինաբար փոխել է արտադրական օբյեկտ կառուցելու համար` ոտնահարելով իմ և իմ թաղամասի բնակիչների իրավունքները:
Պարոն վարչապետ, պահանջում ենք երաշխիք, որ մենք, մեր այգիները, անասունները, մեզ շրջապատող միջավայրը չի վնասվի այս անօրինական շինության գործածության հետևանքով:
Միայն մեկ տարի անց հեղափոխության արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք) հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին»:
Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցված քրեական գործի համար հիմք է հանդիսացել այն, որ Եղվարդ համայնքի պաշտոնատար անձինք «ԱրմՕյլ» ընկերության կողմից կառուցապատման նպատակով թույլտվություն տալուն խոչընդոտ հանդիսացող նորմատիվ իրավական ակտերով սահմանված համալիր փորձաքննության, գնահատման և շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության կատարման անհրաժեշտությունը քողարկելու նպատակով համայնքի վարչական մարմնում պահվող քաղաքաշինական փաստաթղթերում մտցրել են ակնհայտ կեղծ տեղեկություններ:
ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն` ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում կատարվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ չարաշահումների բազմակողմանի քննությունն ապահովելու, կեղծիքներ թույլ տված պաշտոնատար անձանց շրջանակը հստակեցնելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ