25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մենք բոլորս խորը դառնություն և ցավ ենք ապրում

Բոլոր օգնությունների համար ստեղծված է եղել հանձնախումբ, և համապատասխան ուղղություններով այդ օգնությունների բաշխում է եղել, դա պետք է ճշտենք Արցախի Հանրապետության ղեկավարությունից: Այսպիսի հայտարարություն է արել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի պահեստում ԱԱԾ-ի բացահայտումներին:

«Ես, իհարկե, տեղյակ չեմ եղել դրա մասին: Ինչ վերաբերում է զորամասային օղակում մատակարարումներին, ապա դրանք բաշխվում են հենց զորամասի ստորաբաժանումների միջև, իսկ այդ ստորաբաժանումները տեղաբաշխված են տարբեր ուղղություններով, տարբեր տեղանքներում, թե ինչպես է այդ ամենն   իրականացվել, իրավապահ մարմինները պետք է պարզեն»,-ասել է նախկին նախարարը:

Նրա ձևակերպմամբ՝ Պաշտպանության նախարարության ղեկավարությունը գնումների գործընթացում, նաև թիկունքային ապահովման գործընթացում գնումներ իրականացնելու, գնումների ընթացքում որակի, քանակի, ճիշտ ժամանակին մատակարարումն իրականացնելու համար է պատասխանատու, իսկ տեղում արդեն պատասխանատու են համապատասխան կառույցները, որոնք ներքին՝ զորամասային օղակում են:
«Աշխատանքները կտարվեն, ինչպես այսօր իրավապահ մարմինները հայտարարեցին, այդ ընթացքում կերևա՝ այդ ամենը որտեղից, ինչպես է հայտնվել Երկրապահ կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանի մոտ: Մենք բոլորս խորը դառնություն և ցավ ենք ապրում»,-նշել է Սեյրան Օհանյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե ՊՆ-ից որևէ օղակ պետք է ներգրավված լինի գործում, որ թույլ տա կազմակերպել պարենի ու մեքենաների տեղափոխումը, Սեյրան Օհանյանը պատասխանել է. «Իհարկե, երկրապահներին կամ Ապրիլյան պատերազմի ժամանակ զորամասային օղակին ինչ-որ կառույցների միջոցով է հասնում, բայց միևնույն ժամանակ էլ, թե ինչպես է այդ ամենը հայտնվել իրենց կառույցներում, Մանվել Գրիգորյանի տանը, դրա համար պատասխանատվությունը կրում են այն օղակները, որոնք անմիջապես բաշխում են իրականացնում ստորաբաժանումներում և զորամասային օղակներում, այն մարմինները, որ պետք է համապատասխան հսկողություն իրականացնեին և´ տարածաշրջանում, և´ ներքին բոլոր օղակներում»: 

Հարցին, թե ինչ կարծիքի է Մանվել Գրիգորյանին Արցախի հերոսի կոչումից զրկելու մասին, նախկին նախարարը պատասխանել է, որ ինքը որևէ բան ասել չի կարող. «Միայն կարող եմ ասել, որ բոլորս ցավ ենք ապրում, իրավական գործընթացը համապատասխան ընթացակարգերով թող անցնի, հետագայում կան մարմիններ, որոնք որոշում են՝ ինչպես վարվել»:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութ էր հրապարակել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի տանը և նրա սեփականություն հանդիսացող հանգստյան գոտում իրականացված խուզարկությունից, որում ասվում էր, որ Ապրիլյան քառօրյայի մասնակիցներին ուղարկված սնունդը գեներալ Մանվել Գրիգորյանն օգտագործել է իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով։ Հայտնաբերվել էին նաև զինվորներին ուղարկված նամակներ, ինչպես նաև մեծ քանակությամբ զենք և զինամթերք։ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է։

Հունիսի 19-ին 81 կողմ, 3 դեմ ձայներով Ազգային ժողովը բավարարել է Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու դատախազի միջնորդությունը,  այնուհետև 77 կողմ, 3 դեմ ձայներով զրկել նրան անձեռնմխելիությունից։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ