Այլապես վաղն էլ Ձեր հերոսները կհայտնվեն ԿԳԲ-ներում. նամակ վարչապետին եւ նախագահին
ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
Ձերդ գերազանցություն մեծարգո՛ պարոնայք,
վերջին դեպքերը մեկ անգամ ևս վկայում են, որ շահարկումների տեղիք է տալիս խորհրդային ամբողջատիրության մնացուկ «ազգային հերոս» պատվանվան՝ պետության որևէ ղեկավարի կողմից շնորհումը: Այդ կոչումը տևական ժամանակում տալիս են բացառապես ժողովրդի հավաքական գիտակցությունն ու հիշողությունը. պետության որևէ ղեկավար իրավունք չունի ուզուրպացնելու միայն ազգային հավաքական ԵՍ-ի իրավունքը: Այդպիսի մնացուկը կա Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի պես ավտորիտար վարչակարգերում: Հայ ժողովուրդն արժանի է, որ ապրի քաղաքակրթության արժեհամակարգում:
Դավիթ-Բեկը, Գարեգին Նժդեհը, Արամ Մանուկյանը, Անդրանիկ Օզանյանը, Նիկոլ Դումանը և Պատմությամբ ու Ժամանակով քննություն բռնած այլ լուսավոր հայորդիներ կարիքը չունեն պետության որևէ ղեկավարի կողմից «ազգային հերոս» կոչում ստանալու. նրանց այդ կոչումը տվել է ոչ թե որևէ անհատ, որքան էլ արժանավոր, ոչ թե նույնիսկ որևէ սերունդ, այլ Ժամանակի մեջ և Ժամանակից անդին գոյող ազգը: Մանավանդ այժմ, երբ տոտալիտար համակարգի բացասման բացասումից պորտալարը չկտրած հանրությունն իրար հետևից մերժում է պետության նախորդ ղեկավարներին, ցավալիորեն մերժվում են նրանց տված կոչումով հերոսները ևս: Խնդրում եմ՝ թուլյ մի՛ տվեք, որպեսզի արժեզրկվեն հիրավի հոգևոր մակարդակի արժեքները: Ուղղեք, խնդրում եմ, Ձեր նախորդների այս վտանգավոր թերությունը, օրենքի ուժով չեղարկեք միայն տոտալիտար պետության կողմից տրվող «հերոս» կոչումը, հորդորեք նույնն անել նաև Արցախի ղեկավարությանը, այլապես վաղն էլ Ձե՛ր հերոսները կհայտնվեն ԿԳԲ-ներում ու դատարաններում՝ հանրային գիտակցության մեջ հերթական անգամ վարկաբեկելով ու արժեզրկելով հերոս գաղափարը. հերոսին դեռևս հին հույներն էին ընկալում աստվածների և մահկանացուների միջև: Հերոսի կարիք ամեն ժողովուրդ ունի:
Մեծարգո պարոնայք Նախագահ և Վարչապետ, սա հոգևոր անվտանգության խնդիրներից է, քաղաքակրթական ընտրանքի խնդիր է, որի լուծման պատիվը Ձեզ է վիճակված:
Ակնածանքով և հույսով՝ Միքայէլ Հայրապետեան
ՀՀ պահպանողական քաղաքացի