Տավուշի և Սյունիքի մարզերի դատարանները նոր նախագահներ ունեն
Հունիսի 14-ին կայացել է Բարձրագույն դատական խորհրդի հերթական նիստը: Այս մասին տեղեկացնում է Դատական դեպարտամենտի մամլո ծառայությունը:
Օրակարգում ընդգրկված է եղել հանդիպում-խորհրդակցություն Տավուշի և Սյունիքի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների հետ, ինչպես նաև անցկացվել է տվյալ դատարանների նախագահների ընտրություն:
Խորհրդակցության սկզբում խորհրդի նախագահն ընդգծել է, որ նման հանդիպումների նպատակն է՝ անձամբ շփվել դատավորների հետ և ծանոթացնել խորհրդի գործունեությանն ու անելիքներին, ինչպես նաև տեղեկանալ նրանց հուզող խնդիրներին:
«Բարձրագույն դատական խորհուրդն առաջին իսկ օրվանից շատ հստակ սկզբունքներ է որդեգրել, որոնցով առաջ է շարժվում, դուք դա կարող եք տեսնել նաև մեր որոշումներում՝ մասնավորապես խորհրդի՝ ապրիլի 12-ի որոշման մեջ, չափորոշիչներում, որոնցով դիտարկվում են դատավորի և դատարանի անկախությունը, դատավորներին ուղարկված և դատական իշխանության պաշտոնական կայքում տեղադրված այն ուղեցույցի մեջ, որում նշված է, թե ինչ գործոններ ենք հաշվի առնելու և՛ դատավորների ընտրության, և՛ առաջխաղացման, և՛ գնահատման ժամանակ»,-ընդգծել է Գագիկ Հարությունյանը:
Հանդիպում-խորհրդակցությունն անցել է կառուցողական մթնոլորտում, ներկայացված հարցերի վերաբերյալ դատավորների կողմից հնչել են առաջարկություններ, կարծիքներ, դրանցից կարևորներն ու առանցքայիններն արձանագրվել են՝ Խորհրդի գործունեության և ծրագրերի շրջանակներում դիտարկելու նպատակով:
Նիստի ավարտին Բարձրագույն դատական խորհուրդը, սահմանված ժամանակացույցի և «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 121-րդ հոդվածի համաձայն, անցկացրել է փակ գաղտնի քվեարկություն՝ Տավուշի, ապա Սյունիքի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների նախագահների պաշտոնի համալրման նպատակով:
Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է ընտրվել Արման Կուրեխյանը: Խորհրդի ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
1. Զաքինյան Զոյա -1
2. Իսկանդարյան Սիմա -0
3. Կուրեխյան Արման -7
4. Մարդանյան Սամվել -2
5. Մելքոնյան Ռաֆիկ -0
6. Օհանյան Արման -0
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնի համալրման նպատակով տեղի են ունեցել փակ գաղտնի քվեարկության արդյունքներով արձանագրված ձայների հետևյալ բաշխվածությունը.
1. Ասատրյան Ժաննա -1
2. Բեգլարյան Իգնատ -0
3. Գրիգորյան Սամվել -5
4. Թումանյան Անահիտ -1
5. Հովակիմյան Մուրադ -0
6. Սարգսյան Դավիթ -1
7. Սարդարյան Արսեն -1
8. Օհանյան Նապոլեոն -1
Առաջին փուլի արդյունքներով թեկնածուներից ոչ մեկը բավարար ձայներ չի ստացել և անցկացվել է լրացուցիչ ընտրություն, որին մասնակցել են համապատասխանաբար առավել ձայներ ստացած և դատավորի երկար փորձառություն ունեցող երկու թեկնածուները:
Երկրորդ փուլում փակ գաղտնի քվեարկությամբ Խորհուրդն արձանագրել է հետևյալ արդյունքը.
1. Գրիգորյան Սամվել -7
2. Թումանյան Անահիտ -1
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է ընտրվել Սամվել Գրիգորյանը: