26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Վարչապետի «ուրվականը» պատուհասեց նաև Նիկոլին. Իրատես

Ժողովրդի ականջը շոյող հայտարարու­թյուններ անելն իշխանություն դառ­նալ ցանկացող քաղաքական գործչի թիվ մեկ գործիքներից է: Բնավ դժվար չէ նկատել, թե ինչից է դժգոհում հասարակությու­նը. առաջնահերթ ինչ խնդիրներ ունի, ինչ սայ­թաքումներ է անում իշխանությունը, և պատեհ ու անպատեհ առիթներով ամենաբարձր ամբիոն­ներից «դիպուկ» ելույթներով քննադատել պե­տական պաշտոնյաներին: Մարդիկ կծափահա­րեն, «բռավո» կբացականչեն ու կսկսեն մտածել, որ իշխանություններին անխնա քննադատող ու պաշտոնյաների «ծածուկ» արարքները պարտաճանաչորեն քողազերծող գործիչը միայն կա­րող է իրենց մատից փուշ հանել:

Բայց ժամանակին հնչեցրած դատապար­տող ու մերժող գնահատականներով առաջ­նորդվելն ու դրանցից հնարավորինս չշեղվելը միշտ չէ, որ հաջողվում են: Իշխանության գալով նոր կառավարիչները, կամա թե ակամա, հաշվի են նստում այն իրողությունների հետ, որոնք մերժել են ոչ վաղ անցյալում, իսկ ամբիոններից և հարթակներից հնչեցրած երբեմնի վերամբարձ ելույթներն էլ սկսում են խամրել իշխանության քողի ներքո:

Բոլորս ենք հիշում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիններից էր, որ բոյկոտում էր Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին: Բա­ցառիկ հիշողություն պետք չէ ունենալ հիշելու համար «Ելք»-ականների բոցաշունչ ելույթներն ընդդեմ ԵԱՏՄ-ի խորհրդարանում իրենց իսկ նա­խաձեռնած «ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցումը դադարեցնելու» թեմայով լսումների ժա­մանակ: «ԵԱՏՄ-ն մեզ ապագա չէ»,- ասում էին ելքականները, որոնց մտքի ծայրով անգամ չէր անցնում, որ ամիսներ անց ստիպված են լինելու ճիշտ հակառակը բարձրաձայնել, այն է՝ Հայաս­տանն առանց ԵԱՏՄ-ի ուղղակի չի կարող»: Ավե­լին, նոր իշխանությունները հստակեցրին ռազմավարական մեր գոր­ծընկերը շարունակելու է մնալ Ռուսաստանը, մենք էլ հավատարիմ ենք լինելու ԵԱՏՄ-ի սկզբունքներին:

Չհասցնելով հաս­կանալ, թե այդ ինչպես մեգ «ավելի վատ ապագա խոստացող» ԵԱՏՄ-ն հանկարծ դարձավ «հրաշալի» մի կառույց, հիմա էլ ականատեսն ենք լինում, թե ինչպես են նոր կա­ռավարիչները «հիմնավորում» պարտադիր կուտակային համա­կարգի ներդրման անհրաժեշտությունը: Ընդա­մենը մի քանի տարի առաջ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը կենսաթոշակների «պարտադիր բաղադրիչին» հակասահմանադրական որա­կումն էր տալիս ու ասում, որ այն ոտնահարում է մարդու իրավունքները: Այսօր, սակայն, այդ նույն «պարտադիր բաղադրիչին» ընդդիմացող նախարար Արծվիկ Մինասյանին գործող վար­չապետը խստորեն դիտողություն է անում, ասե­լով եթե դեմ ես, ուրեմն մեզ հետ չես:

Թե ինչքան է կարևոր մեր երկրի համար պարտադրված «կուտակայինը» հատկապես հիմա, խնդրով հետաքրքրված պատգամավոր­ները կարող էին իմանալ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հենց վարչա­պետի շուրթերից: Վերջիններս, սակայն, չունե­ցան այդ բախտավորությունը, քանզի Փաշինյա­նը օրենսդիր-գործադիր հանդիպմանը ներկա չէր: Ի դեպ, բացակայում էր նաև առաջին վտխվարչապետ Արարատ Միրզոյանը:

Դեռ ամիսներ առաջ ԵԱՏՄ խորհրդի նիստի նախագահությունը ստանձնելու մեկնած նախ­կին վարչապետ Կարեն Կարապետյանին Փաշի­նյանը կիլոմետրերի հեռավորությունից հարց էր ուղղում և անգամ արձագանքում վերջինիս ենթադրյալ պատաս­խանին: Այդ ժամա­նակ պատգամավոր Փաշինյանը խոսում էր «ուրվական վարչապետի» հետ և, հղում անելով սահ­մանադրությանը, շեշտում, որ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի օրը վարչապետը պետք է գտնվի երկ­րագնդի մեկ կետում միայն, և այդ կետը Ազգային ժողովն է:

Ուշադիր հետևելով Նիկոլ Փաշինյանի քայ­լերին ու հայտարարություններին ակամա սկ­սում ես մտածել իսկ ու՞ր կորավ վերջինիս սկզ­բունքայնությունը: Այդ ինչպես ԵԱՏՄ-ին անդա­մակցությունը դարձավ անառարկելի իրողու­թյուն, «Պարտադիր կուտակայինը» տնտեսու­թյան համար այլընտրանք չունեցող տարբերակ, իսկ վարչապետի «ուրվականը» պատուհասեց նաև իրեն:

Նախորդ իշխանությունները, կարծես, անում ու ասում էին նույն բանը, ու նրանց գծած ճանա­պարհով այս կառավարությունը, կարծում ենք, դեռ կշարունակի քայլել, մարդիկ էլ կսկսեն հարց տալ իրենք իրենց այդ ինչպե՞ս եղավ, որ իշխա­նության գալուց առաջ մի բան էիք ասում, հիմա մեկ այլ բան: Ինչպե՞ս եղավ, որ «սիրո ու հան­դուրժողականության հեղափոխությունից» հե­տո նախարար Արծվիկ Մինասյանի վրա մատ թափ տվեցիք ու ասացիք այլ կերպ լինել չէր կարող:

Անկեղծ ասած դժվար է տրամաբանություն փնտրել ներկա իշխանությունների նախկին հայ­տարարությունների ու այժմյան գործելաոճի միջև, ընդամենը տեղին է հիշել «էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու» ժողովրդական խոսքը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ