Հրաժեշտ տալ օլիգարխիկ համակարգին. մարդիկ հաց չունեն ուտելու
ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը անդրադառնալով Հայաստանի ներքին քաղաքական կյանքին՝ մասնավորապես նշեց, որ քաղաքական կուսակցությունները պատվերներ են կատարում: “Հայաստանում պետք են փոփոխություններ, սակայն դրանք պահանջում է հասարակությունը”,-ասաց Գալստյանը:
90-ական թվականներից այս կողմ երեք անգամ իշխանություն է փոխվել, դեմքեր են փոխվել, սակայն ըստ էության հասարակությունը ոչ մի փոփոխություն չի նկատել:
“Պետք է օլիգարխիկ համակարգից անցնել սոցիալական համակարգի: Մարդիկ չարացել են, հաց չունեն ուտելու, իսկ երկրի օլիգարխիան վաճառում է ամեն ինչ, խլում է ժողովրդի հարստությունը”,-ասաց ատենապետը:
Նարեկ Գալստյանի խոսքով, Հայաստանում ձեւավորվում է ձախ ուժերի ալյանս, որը առաջիկայում կներկայացնի իր ծրագիրը: “Հիմա բանակցությունների փուլն է ընթանում,մեկ ուժի անուն կարող եմ տալ՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը: Մնացածի մասին մոտ ապագայում”,-ասաց Գալստյանը:
Ալյանսի մեջ մտնում են քաղաքացիներ, կուսակցություններ, այն մարդիկ ովքեր ուզում են փոփոխություններ: “Օլիգարխներ չեն լինելու, նրանք խորհրդարանում են”,-Henaran.am-ի հարցին ի պատասխան ասաց Նարեկ Գալստյանը:
Ալյանսը թե ինչ գործիքներով է աշխատելու՝ Գալստյանը չմանրամասներց: “Հանրահավաներ, այցելություններ մարզեր, այն ինչ թույլ է տալիս օրենքը՝ ամեն ինչ արվելու է: Նպատակը համակարգի փոփոխությունն է”,-նշեց ՍԴՀԿ ատենապետը: