Վահրամ Բաղդասարյանը շնորհավորել է
Հարգելի՛ պարոն Պապիկյան,
Ընդունեք ամենաանկեղծ և ջերմ շնորհավորանքներս՝ Կանադայի Օնտարիո նահանգի խորհրդարանի անդամ ընտրվելու կապակցությամբ:
Սա մեծ հաղթանակ է ոչ միայն Ձեր, այլև ողջ հայության համար: Ձեր երկար տարիների նվիրվածությունը և ներդրումը Կանադայի հայկական գաղութի կյանքում անգնահատելի է:
Ազգային ու կրոնական հակասություններով լի ժամանակակից աշխարհում՝ Կանադան առաջիններից էր, որ ձեռք մեկնեց Մեծ Եղեռն վերապրածներին և ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանությունների մակարդակով:
Մեր երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները ունեն ամուր արմատներ և ուրախ եմ, որ, ի շնորհիվ Ձեզ, այդ երկկողմ և բազմակողմ համագործակցությունները կլինեն էլ ավելի արդյունավետ և շարունակական: Վստահ եմ , որ Ձեր գործունեությունը կնպաստի Հայաստանի Հանրապետության և Կանադայի միջև դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանը, համատեղ ծրագրերի իրականացմանը՝ ամենատարբեր հարթակներում և ձևաչափերով, ինչպես նաև Կանադահայ գաղութի առավել մեծ ներգրավվածությանը՝ երկրի հասարակական, քաղաքական կյանքի տարբեր ոլորտներում:
Սիրելի՛ պարոն Պապիկյան, մաղթում եմ Ձեզ անսպառ եռանդ այդչափ պատասխանատու, կարևոր և հանրօգուտ աշխատանքում: Վստահ եմ, որ Ձեր խորհրդարանական գործունեությունը նպաստելու է մեր երկրների միջև ձևավորված ջերմ ու անկեղծ հարաբերությունների ամրապնդմանը:
Աստծո օրհնությունը թող մշտապես ուղեկից լինի Ձեզ և բարեհաճություն բերի Ձեր բոլոր բարի նախաձեռնություններին՝ ի շահ Կանադայի հայ համայնքի:
«ՀՀԿ» խմբակցության ղեկավար
Վահրամ Բաղդասարյան