25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Զինծառայողների իրավունքներին վերաբերող բողոքների մեծ մասը կապված է բժշկական փորձաքննությունների հետ․ Պաշտպան

Հունիսի 8-ին տեղ է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստը, որի ժամանակ ներկայացվել ու քննարկվել է Պաշտպանի 2017 թվականի տարեկան հաղորդման մեջ արտացոլված ՀՀ զինված ուժերում առկա խնդիրներն ու առաջարկվող լուծումները։

«2017 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների գերակշիռ մասն առնչվել է զորակոչի ընթացքում զինապարտներին պատշաճ բժշկական հետազոտության ենթարկելու, բժշկական և ռազմաբժշկական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովների որոշումների (եզրակացության) արդյունքների հիմնավորվածությամբ պայմանավորված այդ որոշումների բողոքարկմանը, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության զորակոչից առողջական վիճակի պատճառով տարկետման տրամադրման խնդիրներին»,-բացման խոսքի ժամանակ նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան ողջույնի խոսքում կարևորել է նման թեմայով ընդլայնված նիստի անցկացումը և նշել, որ այս ոլորտին առնչվող հարցերը գտնվում են իրենց ուշադրության կենտրոնում։

Հանդիպման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն անդրադարձել են 2017 թվականի ընթացքում Պաշտպանի գործունեության արդյունքում վեր հանված խնդիրներին, որոնք վերաբերում են զորակոչման ենթակա անձանց առողջության պահպանման և պատշաճ բժշկական քննությանը, զինծառայողների բժշկական օգնությանը, կարգապահական վարույթի ընթացքում զինծառայողների իրավունքների պաշտպանությանը, զինվորական ծառայության անցնելուն և զինվորական ծառայությունից արձակվելուն, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների բնակարանային ապահովման իրավունքներին և այլն: Արձանագրված բոլոր խնդիրներով Պաշտպանի աշխատակազմը ներկայացրել է լուծման առաջարկներ։

2017 թվականի ընթացքում այցեր են կատարվել նաև կայազորային զինվորական հոսպիտալներ, որտեղ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների շրջանակներում ուսումնասիրվել են զինծառայողների բուժման ընթացքը, արդյունքները և զինծառայողների բժշկական փաստաթղթերը: Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները ներկա են գտնվել նաև Կենտրոնական բժշկական հանձնաժողովի նիստերին, ստացված բողոքների շրջանակներում համատեղ քննարկվել են զորակոչիկների առողջական վիճակին առնչվող հարցերը: ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ քննարկումների և այցերի արդյունքում նշանակվել են զորակոչիկների առողջական վիճակի բժշկական, զինծառայողների՝ կրկնակի ռազմաբժշկական փորձաքննություններ, զորակոչիկները ստացել են տարկետման իրավունք, զինծառայողները ուղեգրվել են զինվորական հոսպիտալներ և ստացել են համապատասխան բուժում:

Քննարկման ժամանակ ներկայացվել է նաև զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի չափանիշների և առաջարկությունների, ինչպես նաև «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագիրը։

Միջոցառմանը մասնակցել են միջազգային կազմակերպությունների և Հայաստանի իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև պետական մարմինների ու «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի պատասխանատու ներկայացուցիչները:

 Պաշտպանը մշտապես կարևորում է զինծառայողների իրավունքների պաշտպանության ոլորտում հասարակական կազմակերպությունների և Պաշտպանության նախարարության ու շահագրգիռ մյուս պետական կառույցների գործունեությունը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ