Մինչեւ դեկտեմբեր կպատրաստվի ՀՀ-ԵՄ համագործակցության նոր փաստաթուղթը
Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի համանախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանում-ԵՄ խորհրդատվական խմբի խորհրդի 15-րդ նիստը: Նիստին մասնակցել են ՀՀ նախագահի գրասենյակի, Կառավարության եւ Ազգային ժողովի, դեսպանատների եւ միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ՄԱԶԾ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ:
Նիստի բացման խոսքում Արթուր Բաղդասարյանը մասնավորապես նշեց. “Մենք ամփոփում ենք կատարված աշխատանքները, ինչպես նաեւ նախանշում մեր ապագայի ծրագրերը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ԵՄ խորհրդատվական խմբին իրականացվող բարեփոխումներին ցուցաբերած աջակցության համար: Կարծում եմ, որ այս տարիների ընթացքում մենք բավականին արդյունավետ համագործակցել ենք եւ ունենք բոլոր նախադրյալները ապագայում շարունակելու մեր աշխատանքը”:
Արթուր Բաղդասարյանը տեղեկացրեց, որ այսօր Անվտանգության խորհրդի նիստում քննարկվելու է ՀՀ-ԵՄ գործողությունների նոր ծրագիրը. “Ծրագիրն իրենից ներկայացնում է շուրջ 160 ուղղություններով բարեփոխումների շարունակում, որը ընդգրկում է մեր երկրի պետական եւ հանրային կյանքի բոլոր ոլորտները”,- նշեց Արթուր Բաղդասարյանը:
ԱԱԽ քարտուղարը շնորհակալություն հայտնեց ԵՄ գործընկերներին, խորհրդատվական խմբին համատեղ աշխատանքների, ակտիվ առաջարկների համար, ինչը հնարավորություն տվեց ունենալ հաջողված փաստաթուղթ:
“Սա շատ լավ հիմք է նաեւ հետագայում աշխատելու ՀՀ-ԵՄ համագործակցության նոր փաստաթղթի վրա եւ մենք կարծում ենք, որ մինչեւ դեկտեմբերյան ԵՄ խորհրդի նիստը մենք կարող ենք պատրաստել այդ փաստաթուղթը եւ ձեւավորել մեր օրակարգը”,- նկատեց Արթուր Բաղդասարյանը` հավելելով, որ իրենք դիմել են եվրոպացի գործընկերներին շարունակելու խորհրդատվական խմբի առաքելությունը Հայաստանում եւ կա դրական արձագանք:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան իր խոսքում նշեց, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:
Ամփոփելով խմբի իրականացրած աշխատանքները՝ դիվանագետը նվաճումների թվում ընդգծել է հունվարի մեկից ուժի մեջ մտած ԵՄ ու Հայաստանի միջեւ ռեադմիսիայի ու վիզային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագիրը: Հրիսթեայի գնահատականով՝ դա շատ լուրջ քայլ է: Ծրագրի նախորդ փուլի ընթացքում՝ 2013-ի վերջին եռամսյակի, խումբն ատիվորեն զբաղվել է արդարադատության, մարդու իրավունքների, ժողովրդավարության վերաբերյալ հարցերով: Տրայան Հրիսթեան, ընդհանուր առմամբ, խմբի աշխատանքը բարձր է գնահատել:
ԵՄ խորհրդատվական խումբը ներկայացրել է 2013թ. հոկտեմբեր-դեկտեմբեր եռամսյակային հաշվետվությունը, Կարիքների գնահատման վերանայված փաստաթուղթը, ինչպես նաեւ 2014թ. հունվար-ապրիլ ժամանակահատվածի աշխատանքային ծրագիրը:
Խորհրդատվական խորհուրդը գոհունակություն է հայտնել 2013թ. հոկտեմբեր-դեկտեմբեր եռամսյակային հաշվետվության հետ կապված, որտեղ ներկայացվել է ԵՄ խորհրդատվական խմբի տրամադրած խորհրդատվությունը օրենքի գերակայության, միգրացիայի, իրավապահ մարմինների, ժողովրդավարական կառավարման եւ մարդու իրավունքների ոլորտներում: