Երբ մարդ կարծում է, որ փայլուն կատարեց իր գործը, հիմա պիտի «կարգի հրավիրի» իր վերադասներին, էլ չեմ ասում՝ Ամենայն Հայոցին
Եկեղեցում փոփոխությունների համար երբեք չպիտի տրվել աշխարհային միջոցների: Ցավում եմ, որ մեր որոշ հավատացյալներ շփոթել են պետությունը Աստծո Պետության հետ: Իրապես, Եկեղեցին Աստծո Պետության տեսանելի մասն է եւ այնտեղ հակականոնական կամ կամայական ցանկացած գործողություն հղի է պառակտումներով ներեկեղեցական կյանքում: Պետք է միասնության եւ պատասխանատվության զգացում ունենանք յուրաքանչյուրս՝ մեզ հանձնված սպասավորության շրջանակներում: Չգիտեմ, թե ինչ ասել, երբ մարդ կարծում է, որ փայլուն կատարեց իր գործը, հիմա պիտի «կարգի հրավիրի» իր վերադասներին, էլ չեմ ասում՝ Ամենայն Հայոցին:
Անշուշտ, մարդ կարող է ընտրել ո՞ւմ գործունեությունն է հավանում, ումը՝ ոչ, բայց չի կարող բոլոր կանոնական մարմինների դերը ստանձնելով նրանց փոխարեն որոշումներ կայացնել եւ ապա անցնել այդ որոշումների նյութականացմանը: Միասնություն եւ սեր ամենեցուն: Այսպես է արձագանքել Մայր աթոռի եւ Ամենայն Հայոց Հայրապետի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձություններին Իտալիայի հայոց հոգեւոր հովիվ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը:
Հիշեցնենք, հունիսի 6-ին Սուրբ Աննա եւ Սուրբ Կաթողիկե եւ եկեղեցիների բակում հավաքված մի խումբ բողոքավորներ պահանջել են Գարեգին Բ-ի եւ որոշ եպիսկոպոսների հրաժարականներ: Նրանք այսօր ըստ նախնական տեղեկության՝ պետք է հանդիպեն Վեհափառի հետ: