Ի դեմս Գարեգին Բ կաթողիկոսի՝ իմ առջև կանգնած է մարդ, ով զուրկ է հավատքից. հայր Կորյունը կհանդիպի Վեհափառի հետ
«Ի դեմս Գարեգին Բ կաթողիկոսի՝ իմ առջև կանգնած է մարդ, ով զուրկ է հավատքից»,-այս մասին այսօր Երևանի Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների բակում հայտարարեց Ս. Գայանե վանքի վանահայր Հոգեշնորհ Տ. Կորյուն աբեղա Առաքելյանը:
Հիշեցնենք, Տ. Կորյուն աբեղա Առաքելյանը, «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնությամբ մի քանի հոգևորականների եւ մի խումբ քաղաքացիների հետ հավաքվել էր եկեղեցու բակում՝ պահանջելով Գարեգին Բ-ի հրաժարականը:
«Գարեգին Բ-ն պետք ա հեռանա, էսքան տարի ոչ մի բան չի արել մեր համար»,-հնչում էին կարծիքներ: Բողոքի ակցիային հավաքված մարդիկ երկու թևի էին բաժանվել, նրանց մի մասը ողջունում էր Տ. Կորյունի և իր համախոհների նախաձեռնությունը: Որոշները նշեցին, թե դեմ են կաթողիկոսին, սակայն պայքարի այս ձևը ճիշտ չէ ընտրված: Հավաքվածների մեջ կային մարդիկ, որ նկատեցին՝ եկեղեցու հարցերը պետք է ներսում լուծել, այլ ոչ թե անարժան աճքերի առջեւ:
«Մայր աթոռը այսօր ժամը 18:00-ին մեզ կանչել էր զրույցի: Նրանց այդ քայլը հասկանալի էր: Նրանք ուզում էին կանխել այսօրվա մեր հավաքը եկեղեցու բակում: Բայց մենք հրաժարվեցինք գնալ այսօր: Եթե Վեհափառը կցանկանա վաղը, ապա վաղը ժամը 13:00-ին կհանդիպենք»,-նշեց շարժումն առաջնորդողներից հայր Կորյունը: