ես չեմ պատկերացնում՝ Նիկոլին ինչպես կարելի էր այդպես «օգնել», որ այս հարցը լուծի. Կոմանդոսն անհանգիստ է
«Ես չեմ քննադատում փոփոխությունները, բայց կարող եմ ասել՝ շտաբի պետը՝ Մովսես Հակոբյանը, 91 թվականից աշխատանքի մեջ էր, ծառայում էր բանակին, ուներ փորձ, նրան հանելը, իմ կարծիքով, շատ սխալ քայլ էր, ես չեմ պատկերացնում՝ Նիկոլին ինչպես կարելի էր այդպես «օգնել», որ այս հարցը լուծի։ Չգիտեմ, չեմ իմանում, չեմ ուզում խառնվել, միայն կարող եմ ասել, որ այս քայլը սխալ էր»,- 1in.am-ի հետ զրույցում ասել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ խոսելով օրերս վարչապետի հրամանով ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի նոր պետի պաշտոնում Արտակ Դավթյանի նշանակման մասին:
Նա հավելել է, որ սխալ էր այսպիսի նշանակումը։
Դավիթ Տոնոյանի՝ պաշտպանության նախարար նշանակվելու հետ կապված մտահոգություններ, Արկադի Տեր-Թադևոսյանի խոսքով, չկան, խնդիրը ԳՇ պետի մեջ է։ Ավելին, ըստ նրա՝ դժվար չէր բանակում Մովսես Հակոբյանին փոխարինող համապատասխան կադր գտնել, բայց Գլխավոր շտաբի պետի փոփոխության հարցում միաժամանակ սպասել էր պետք։
«Աստված տա՝ խաղաղություն լինի, և ամեն ինչ լավ կլինի»,- նշել է Արկադի Տեր-Թադևոսյանը՝ հավելելով, որ այս պահին բարդ իրավիճակ է, և եթե նախկինում ինքն ասում էր՝ պատերազմ չի լինի հարյուր տոկոսով, հիմա չի կարող ասել, քանի որ փոխվել է իրավիճակը։ «Չեմ ուզում խուճապի մեջ գցել, բայց նախկինում կարող էի ասել՝ ժողովուրդ ջան, հանգիստ եղեք, նման բան չի լինելու. հիմա չես կարող ասել, որ պատերազմ կլինի, և չես էլ կարող ասել, որ չի լինի։ Շատ բարդ իրավիճակ է»,- հավելել է Կոմանդոսը։
Արցախին բանակցային սեղանին վերադարձնելու հարցը, ըստ նրա, դիվանագիտական հարց է, զինվորականը չպետք է խառնվի, քանի որ չի տիրապետում խնդրին։