Սերմացու, տոհմային կենդանիներ, գյուղտեխենիկա՝ցածր մաքսատուրքով
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը կկանխի անորակ եւ բարձրաժեք սննդամթերքի ներկրումը: Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղեյանը:
“Մաքսային միությանն անդամակցելու ճանապարհային քարտեզի ստեղծման հարցով յոթ կետեր ենք առաջարկել: Քննարկման համար միացյալ հանձնաժողովից մասնագետներ են այցելել մեզ, հիմնականում քննարկվել են ՄՄ-ին ոչ անդամ երկրների հետ հարաբերությունների հստակեցման, պետության կողմից ցուցաբերած աջակցությունը գյուղոլորտին եւ նախարարության դինամիկ զարգացման հարցեր են քննարկվել”,-նշեց փոխնախարարը:
Հայաստանից Մաքսային միության անդամ երկրներ արտահանվող գյուղմթերքը 65-70 տոկոս է կազմում, եւ կավելանան այդ ծավալները: Փոխնախարարը կոնկրետ չնշեց, թե ինչ գործոններ են ազդելու արտահանմանը:
“Եթե մենք արտահանում ենք ՄՄ երկրներ, Վրաստանի սահմանում ստուգում կամ փորձաքննության չի ենթարկվելու տվյալ ապրանքը, դա միանգամից գնալու է ՄՄ երկրներ, ինչքան շատ կարողանանք արտահանել, այնքան պահանջարկը շատ է լինելու եւ մենք շատ արտադրանք ենք տալու: Այժմ, եթե մենք ՄՄ-ի անդամ են, ճանապարհային բոլոր հարցերը լուծվելու են մեխանիկորեն”,-ասաց նա:
Ոլորտի պատասխանատուն կանխատեսում է, որ ՄՄ անդամ երկրներից ներկրված ապրանքներն ավելի որակյալ են լինելու, եւ հնարավոր է նույնիսկ զրոյական մաքսային գներով մթերքներ ներկրվեն: Այդ ուղղությամբ բանակցություններ են ընթանում:
Ցածր մաքսատուրքեր սակայն կլինեն սերմացուների, տոհմային կենդանիներ, գյուղտեխնիկայի ներկրման դեպքում: