Հարկադիր կատարման ծառայությունում նշվել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը
Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, Հարկադիր կատարման ծառայությունը Երևան քաղաքում և հանրապետության մարզերում ալիմենտի բռնագանձման և ծնողների հետ տեսակցությունների կազմակերպման վերաբերյալ հարուցված կատարողական վարույթներով ներգրավված շուրջ 150 երեխաների հանձնել է նվերներ, իսկ Երևանում նաև կազմակերպել ուրախ մանկական միջոցառում:
Երևանում՝ Հարկադիր կատարման ծառայության Հեքիաթային տնակում, հունիսմեկյան ուրախ միջոցառմանը ներկա է գտնվել 4-8 տարեկան 45 երեխա: Ծառայության հրավերով երեխաների տոնն ավելի ուրախ են դարձրել հեքիաթների տարբեր հերոսները:
Միջոցառման ընթացքում երեխաներին ողջունել և շնորհավորել է նաև ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պարտականություններն իրականացնող տեղակալ, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանը, ով իր շնորհավորական խոսքում մաղթել է երեխաներին անհոգ և ուրախ մանկություն, խաղաղ և անամպ երկինք, առողջություն և ամենայն բարիք:
Տոնական ուրախ միջոցառման ավարտին երեխաները լուսանկարվել են հեքիաթների հերոսների և Ծառայության ղեկավար անձնակազմի հետ: