Թբիլիսի գնացող ավտոբուսի վարորդը հրաժարվել է շարունակել ճանապարհը. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ շատ արդյունավետ ու բարեհաջող այց են ունեցել դեպի Թբիլիսի: Բայց միաժամանակ նա նշեց, որ ճանապարհը դեպի Թբիլիսի լավը չէ: «Թբիլիսիում ինձ ասացին, որ վերջերս դեպք է եղել, երբ զբոսաշրջիկներով ավտոբուսը Բագրատաշենի անցակետից մուտք է գործել Հայաստանի տարածք ու, մոտավորապես մի 30-40 կմ վարելով ավտոբուսը, որոշել են ետ դառնալ, որովհետև վարորդը հրաժարվել է շարունակել ճանապարհը՝ պատճառաբանելով, որ այս ճանապարհներով վարելու դեպքում իր թանկարժեք ավտոբուսը ջարդուփշուր կլինի», – ասաց Փաշինյանը:
Նա Տրանսպորտի նախարարից ցանկացավ տեղեկանալ, թե առաջիկայում ինչ պլաններ ունեն: «Իջևան-Նոյեմբերյան հատվածի մասին է խոսքը, շատ ահավոր է այնտեղ վիճակը, ուսումնասիրությունները կատարված են, նախագիծը կա, այսօր արդեն տեխնիկան տեղափոխված է այնտեղ, էսօր-վաղը սկսվում է շինարարությունը», – արձագանքեց Տրանսպորտի նախարարը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ ուզում է հստակ լինի՝ պետք է երաշխավորեն որակը: «Կառավարությունը պատշաճ կարգով պետք է վերահսկի այդ պրոցեսը, որպեսզի մի ձմեռվա ընթացքում մենք քանդված ճանապարհ չունենանք, ոչ էլ երկու, ոչ էլ երեք», – ասաց Փաշինյանը: