Ոստիկաններին, ի վերջո, հաջողվեց Մասիսի քաղաքացիներին հեռացնել դարպասների մոտից (տեսանյութ)
Այսօր Մասիս քաղաքի բնակիչները հավաքվել էին Էրեբունի համայնքի վարչության ձերբակալվածների պահման վայրի դիմաց պահանջելով Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին ազատ արձակել:
Բնակիչները պատնեշ էին կազմել ոստիկանական շենքի դարպասների դիմաց և չէին թողնում ոստիկանական մեքենաներին ելք ու մուտք անել շենք: Նրանք ասում էին, որ ոչ մի պարագայում չեն հեռանալու շենքի դիմացից՝ մինչև իրենց պահանջը չբավարերեն:
Ոստիկանական ուժերը մի քանի անգամ փորձեցին հեռացնել քաղաքացիներին դարպասների մոտից, համառ դիմադրության արդյունքում, նրանց հաջողվեց բացել դարպասների մուտքը, և մի քանի մեքենաներ անարգել մտան ներս: Ոստիկանները հրաժարվեցին պատասխանել մեր այն հարցերին թե ինչ մեքենաներ էին դրանք, ովքեր էին այդ մեքենաների մեջ և արդյոք քաղաքապետը դրանցից մեկի մեջ էր թե ոչ:
Քաղաքացիները ասացին, որ ոչ մի պարագայում չեն պատրաստվում հանձնվել.«Հիմա գնում ենք Նորագավիթ՝ ճանապարհը փակելու: Մեր համաքաղաքացիներն էլ են գալիս մեզ միանալու: Հետո ոտքով քայլելու ենք մինչև հրապարակ, և եթե պետք լինի մինչև Բաղրամյան 26 էլ կգնանք, որ ազատենք մեր Դավիթին»:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով բերման էր ենթարկել 5 անձ՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով: Նախաքննության ընթացքում ներբեռնվել և քրեական գործին են կցվել ապրիլի 22-ին Էրեբունի և Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսագրությունները, ինչպես նաև՝ դեպքին առնչվող մամուլում կատարված հրապարակումները, օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ տրվել ոստիկանության ստորաբաժանումներին։
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, ով նույնպես բերման ենթարվածների մեջ էր, ազատ արձակվելուց հետո, այսօր առավոտյան ձերբակալվել է: