Ոստիկանները ստիպել են «օրենքով գող» Դեդ Հասանի թոռանը լքել Հայաստանը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանությունը շարունակում է իր տեսադաշտում պահել Հայաստանում գտնվող «օրենքով» գողերի, ինչպես նաև հանցագործ աշխարհում «հեղինակություն» համարվողների տեղաշարժը, որպեսզի վերջիններս չփորձեն իրավախախտումներ կատարել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2 օր առաջ Հայաստան էր ժամանել Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի թոռը՝ Իրակլին։
Վերջինս հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն համարվող դիրք է «ժառանգել»՝ շնորհիվ «օրենքով գող» Դեդ Հասանի։
Մայիսի 30-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները կանխարգելիչ միջոցառումների արդյունքում Դեդ Հասանի թոռանը՝ Իրակլիին, հնարավորություն են ընձեռել, որպեսզի նա լքի Հայաստանը։
«Օրենքով գողի» թոռն էլ, ընդունելով ոստիկանների բարի կամքը, այս գիշեր ստիպված մեկնել է Հայաստանից։ Նա Հայաստանը լքել է մաքսակետով։