Փաշինյանի, Միրզոյանի, Միքայելյանի ձերբակալումը իրականում առևանգում էր. փաստաբան
«Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազը հայտարարեց, որ պատգամավորներ Փաշինյանը, Միրզոյանը, Միքայելյանը ձերբակալվել են ապօրինի հավաք անցկացնելու համար, սակայն մեր օրենսգրքում նմանատիպ իրավական տերմին չկա»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը:
Փաստաբանի խոսքով օրենքում ասվում է՝ օրենքի խախտմամբ հավաք անցկացնել.«Այդ օրը, երբ Փաշինյանին փաստացի առևանգեցին ու տարա, պետք է հասկանալի լիներ, որ դա ձերբակալման գործընթաց չէր, այլ առևանգում, որովհետև նրան փաստացի պատանդի կարգավիճակում էին պահում: Չէին հայտնում, թե որտեղ է գտնվում Փաշինյանը՝ մինչև ազատ արձակման պահը»:
Փաստաբանը նկատում է, որ խաղաղ բնույթ կրող հավաքը չի կարող անօրինական համարվել.«Օրենքով, եթե խաղաղ հավաքի մասնակիցները կալանավորվում են, ապա դա հանդիսանում է եվրոպական կոնվենցիայի 17-րդ հոդվածի խախտում: Այսինքն՝ խոսքի ազատության և հավաքների ազատության խախտում, որըայս պարագայում ակնհատ էր»,-նշեց Արա Ղարագյոզյանը:
Պաշտպանը անդրադարձավ նաև ՀՀ գլխավոր դատախազի այն հայտարարությանը, թե Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չկան.«Ինչպես տեսանք՝ Կարեն Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո, գլխավոր դատախազի ստորագրությամբ հավաքի բոլոր մասնակիցները ազատ արձակվեցին:Այստեղ նա հակասեց իր իսկ խոսքերին՝ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ և ՀՀ դատախազությունը անկախ չէ: Ես գտնում եմ, որ Արթուր Դավթյանը պետք է հրաժարական տա, քանի որ նա նախորդ իշխանությունների նշանակած գլխավոր դատախազն է և կայացրել է բազմաթիվ քաղաքական որոշումներ: Ես գտնում եմ, որ պետք է փոփոխվի դատական խորհրդի կազմը և Վճռաբեկ դատարանի նախագահը ևս պետք է հրաժարական տա: Պետք է ձևավորվի անկախ դատական համակարգ, որը հիմք կդառնա արդարադատության հաստատման համար»: