Ամասիա համայնքում կբացվի բրդի վերամշակման գործարան
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը Ամասիա համայնքում մասնակցել է «ԵՄ-ն Շիրակի մարզին։ Նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի մեկնարկի արարողությանը։ Մասնակցում էին նաև ՀՀ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Շիրակի մարզպետի պաշտոնակատար Սեյրան Պետրոսյանը, «Մարդը կարիքի մեջ» ՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Վարդուհի Դադունցը, Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք և հյուրեր։
Նախարար Խաչատրյանի խոսքով՝ ծրագրի իրականացմամբ կվերականգնվի մեր ազգային գորգագործության մշակույթը, գյուղատնտեսական համայնքում կստեղծվեն ոչ գյուղատնտեսական աշխատատեղեր, կդիվերսիֆիկացվեն բնակչության եկամուտները և կզարգանա ոչխարաբուծությունն իր ամբողջ արժեշղթայով:
«Մենք խորհրդային տարիներին ունեցել ենք մինչև 2.2 մլն գլուխ ոչխար, այժմ գլխաքանակը 4-5 անգամ նվազել է, սակայն ոչխարաբուծությունը խիստ եկամտաբեր գործ է, և եթե կարողանանք ստեղծել ենթակառուցվածքներ, բարելավել կերային բազան, ճիշտ օժանդակություն ցուցաբերենք, թե՛ խոշոր ֆերմաներ կստեղծվեն, թե՛ տնային տնտեսությունները կավելացնեն ոչխարների գլխաքանակը»,- մասնավորապես նշել է գյուղատնտեսության նախարարը։
Նախարարն ընդգծել է, որ Շիրակի մարզը եղել է ոչխարաբուծության կենտրոններից մեկը և հաջողելու դեպքում կունենանք լավ մոդել, որը կարելի է կիրառել նաև Հայաստանի մյուս մարզերում։