26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կա երկու իրականություն

Հայաստանը գտնվում է մեծ հնարավորությունների և մեծ անորոշությունների ճանապարհին։ Կա երկու իրականություն, որոնք բնորոշում են ներկան.

  1. Փոփոխությունները և փոփոխությունների հնարավորությունը դարձել են Հայաստանի նոր բրենդը։ Սա ամենամեծ ձեռքբերումն է, որն արձանագրել է պետությունը։
  2. Հայաստանում առկա է քաղաքական դաշտի դեֆոլտ։

Նրանք, ովքեր նույնիսկ այս օրերին կարողանում են սառը դատել, կընդունեն, որ սա հակասական վիճակ է. մի կողմից տալիս է առաջընթացի և զարգացման մեծ պոտենցիալ, մյուս կողմից՝ ցնցումների և կորուստների՝ նույնքան մեծ հավանականություն։

Ի՞նչ անել

Ձևավորվել է նոր կառավարություն։ Հետևաբար՝ պետությունը պետք է մտնի բնականոն աշխատանքի ռեժիմ։ Օր առաջ։ Սա երկրին և նոր իշխանությանը, նոր կառավարությանն օդ ու ջրի պես անհրաժեշտ է։ Բայց, որքան էլ տարօրինակ թվա, այս խնդրի լուծման ճանապարհին ամենամեծ խոչընդոտը, իր կամքից անկախ, կարող է դառնալ հենց նոր իշխանությունը, նոր կառավարությունը։

Ժամանակավո՞ր, թե՞ նոր կառավարություն

Սա շատ սկզբունքային հարցադրում է, որովհետև սա ենթադրում է միանգամայն տարբեր առաքելություններ, տարբեր օրակարգեր, տարբեր գործելաոճ։

Բայց մինչ այդ պետք է տալ այս կառավարության մեկ այլ հստակ բնորոշումը. եթե սա կոալիցիոն կառավարություն է, ապա պետք է լինի կոալիցիոն հուշագիր։ Եթե սա ազգային համաձայնության կառավարություն է (ինչը մի փոքր  վիճահարույց է), ապա դարձյալ պետք է լինի համապատասխան փաստաթուղթ։ Հասարակությունը պետք է հստակ իմանա՝ ո՞ր հարցերի և ո՞ր սկզբունքների շուրջ է ձևավորվել այդ կոալիցիան։ Ո՞վ և ի՞նչ պատասխանատվություն է կրում։

Ի վերջո պետք է հասկանալ, թե ո՞ր քաղաքական ուժերն են մաս կազմում կառավարությանը։ Սա ամենևին հռետորական հարց չէ։ Կա ընթացիկ պատասխանատվության խնդիր, ինչ-որ իմաստով՝ կա պատմական պատասխանատվության խնդիր։

Եթե դա չարվի, ապա կառավարության մաս կազմող ուժերից յուրաքանչյուրն իր համար պատեհ պահի «պոկվելու» է՝ պատասխանատվությունը և բացթողումները թողնելով մեկ-երկու հոգու վրա։

Պետք է նաև ուշադիր լինել որոշ ձևակերպումներում։ «Հակահեղափոխություն» ձևակերպումն անիմաստ  ինտենսիվությամբ է դրվում շրջանառության մեջ և միայն խանգարում է՝ առաջացնելով ավելորդ լարվածություն։ Եթե դա վիրտուալ թշնամու կամ հակառակորդի մասին է, ապա միայն խանգարում է բնականոն աշխատանքին։ Եթե կա պլանավորված դիմադրություն կամ սաբոտաժ, ապա իշխանությունը հենց նրա համար է, որ իր լիազորություններով, քայլերով ու աշխատանքով լուծի այդ հարցերը։

Եվ վերջապես, միամտություն է կարծել, որ տասնամյակներով ձևավորված համակարգերը մեկ ամսում կարող են փլվել՝ առանց որևէ դիմադրություն։ Այնտեղ կա մարդկային գործոն, կապեր, պարտավորություններ, միլիարդներ և այլն։ Ամեն դեպքում առավելությունը միշտ իշխանության կողմն է՝ լծակների, ազդեցության մեխանիզմների և տվյալ դեպքում նաև հանրային աջակցության իմաստով։ Մնում է միայն աշխատել։

Հաջորդը՝ ասվում է, որ այս կառավարության գործառույթն արտահերթ, ազատ, արդար ընտրությունների նախապատրաստումն է։ Մյուս կողմից՝ կառավարության ձևավորման հաջորդ օրվանից, կառավարության անդամները խոսում են խորքային բարեփոխումների մասին։ Ես հասկանում եմ, որ հեղափոխական մթնոլորտը չի ենթադրում ռացիոնալ խոսակցություն, այնուհանդերձ՝ փորձենք տեսնել սկզբունքային տարբերությունը։

Նախ. արտահերթ ընտրությունների նախապատրաստումը վերացական ձևակերպում չէ․ դա հստակ քայլերի, օրենսդրական փոփոխությունների, տեխնիկական լուծումների, պաշտոնանկությունների, նոր նշանակումների, կանխատեսելի դիմադրության և դրա հաղթահարման տարբերակների, երկրում համապատասխան մթնոլորտ ապահովելու ճանապարհային քարտեզ է։

Ընդունենք նաև, որ կառավարության համար արտահերթ ընտրությունների ապահովումը չի կարող համարվել միակ գործառույթը։ Դա կբերեր ընթացիկ կառավարման կոլապսի։ Եթե լինի այդպիսի տրամադրվածություն, ապա լուրջ խնդիրներ կառաջանան պետության կառավարելիության հարցում։ Շատ  արագ կառավարությունը պետք է կարողանա իր համար կազմել տեսանելի ժամկետներում լուծվող խնդիրների ցանկը և սկսի աշխատել այդ ուղղությամբ։ Պետության շահերից է բխում՝ խուսափել «ժամանակավոր կառավարություն» ձևակերպումից։ Դա անկայունության և ստվերային խարդավանքների աղբյուր է։ Որքան էլ տևի կառավարության գոյությունը, պետք  է հրաժարվել «ժամանակավոր» ձևակերպումից։ Մեծ հաշվով՝ բոլոր կառավարություններն էլ ժամանակավոր են։

Փոխարենը՝ նոր իշխանությունը պետք է հստակ պատասխաններ տա այս կառավարության առաքելության և արտահերթ ընտրությունների ժամկետների մասին։ Եւ, արդեն ընդունված կանոնի համաձայն, դա պետք է արվի հրապարակային, այլ ոչ թե՝ փակ սենյակներում։

Ինչո՞ւ եմ այս հարցերը կարևորում. այստեղ և այլ հարցերում տեսնում եմ վտանգներ երկրի համար և փորձում եմ զգուշացնել դրանց մասին։ Կարևոր է կանխել այսպես կոչված հիբրիդային, չդադարող հեղափոխության զարգացումը։ Սա կմտնի ցանկացած բնակավայր, հիմնարկ, ոլորտ և այլն, ու կբերի կոլապսի։ Պետք է հստակ տարանջատել դեպի արդյունք տանող փոփոխությունների պահանջը և դրա իրագործման  ճանապարհը անորոշ և բազմաշերտ, չդադարող շարժումից, որը կարող է բերել այլ իրականության։

 

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ