Սպանություն՝ Երևանում. կասկածյալը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ 26-ամյա երիտասարդի սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2018 թվականի մայիսի 4-ին՝ ժամը 00:50-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Չարբախում արյունոտ մարդ կա ընկած, հնարավոր է՝ դանակահարված:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի վայրի զննությամբ Երևան քաղաքի Կարմիր բլուր 2-րդ փողոցի տներից մեկի դիմաց հայտնաբերվել է տղամարդու դի՝ կրծքավանդակի, որովայնի և գլխի շրջանում կտրած-ծակած վնասվածքներով:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ստեղծվել է քննչական խումբ, ձեռնարկվել անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Արդյունքում պարզվել է դիակի ինքնությունը, նա Երևան քաղաքի բնակիչ Գոռ Գասպարյանն է՝ ծնված 1992թ.: Պարզվել է նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ևս Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1995թ.: Վերջինս ձերբակալվել է՝ սպանություն կատարելու կասկածանքով:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական, դատակենսաբանական և մի շարք այլ փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: