Ցանկացած քայլ աղետալի հետևանքներ է ունենալու բոլոր-բոլորի համար
Սահմանադրական իշխանության անհնար է հասնել հակասահմանադրական մեթոդներով, իսկ դա հենց այն է, ինչ երեկ ազդարարեց Նիկոլ Փաշինյանը։ Չի կարելի, անգամ եթե հարյուր հազարավոր մարդիկ ՀԻՄԱ դրան դեմ չեն ու դա ունի ինչպես խորքային ներքին լրջագույն պատճառներ, այնպես էլ արտաքին։ Ֆիքսենք, որ վարչապետ դառնալու համար կա միայն մեկ սահմանադրական ճանապարհ՝ ԱԺ-ում ստանալ պատգամավորների մեծամասնության ձայնը։
Ամբողջական իշխանափոխությունն էլ է հնարավոր իրականացնել սահմանադրական ճանապարհով ու այդ ճանապարհը փողոցները փակելն ու շենքեր զավթելը չէ, այդ ճանապարհը ընտրություններում հաղթելն է։
Ներքին պատճառը պարզ է․ էյֆորիան վաղ թե ուշ անցնելու է։ Հասկանում եմ, որ շատ ցուցարարների համար աներկբա փաստ է թվում, որ հեսա Նիկոլը գա՝ իրենց վարկերը ջրելու է, տույժ ու տուգանք ջրելու է, օլիգարխների ունեցվածքը խլելու է ու բաժանի ժողովրդին և այլն։ Ու հանուն այս և այլ կասկածելի տեսլականների, նրանք պատրաստ են ամեն բանի, այդ թվում՝ Փաշինյանին հակասահմանադրական ուղով իշխանություն զավթելուն։
Սակայն այդ նույն մարդիկ շատ քիչ են գիտակցում, որ Սահամանդրության խախտման նախադեպը ստեղծելով դույզն ինչ չեն մոտենում չար օլիգարխների ունեցվածքին տիրանալուն։ Փոխարենը, նրանք մոտենում են նրան, որ երբ արդեն Նիկոլի ու ցանկացած հաջորդ իշխանության դեմ փորձեն իրացնել իրենց խաղաղ ցույցերի իրականացման սահմանադրական իրավունքը, նրանց կարող են պարզապես ցրել ու ռեպրեսսիաների ենթարկել։ Ի վերջո, դա շատ ավելի հեշտ է, քան օլիգոպոլիայի դեմ դուրս գալը։
Արտաքին պատճառն էլ է պարզ։ Արդեն իսկ հնչեցված փաստ ու դիրքորոշում է, որ հակասահմանադրական ուղով իշխանության եկած ուժը մերժվելու է առնվազն Ռուսաստանի կողմից՝ դրանից բխող բոլոր ներքաղաքական, արտաքին քաղաքական ու տնտեսական հետևանքներով։ Չեմ կարծում, որ հակասահմանադրական իշխանությունը մեծ լեգիտիմություն ունենա նաև մնացած աշխարհի համար, եթե իհարկե Նիկոլը չի ստում՝ հայտարարելով, որ այս ամենը ոչ մի կապ չունի ոչ մի օտար պետության հետ, ոչ մի գունավոր հեղափոխություններ կազմակերպող երկիր ու երկրների խումբ սրա հետևում կանգնած չէ։
Ցանկացած պարագայում, շատ վտանգավոր շրջանի մեջ ենք մտել, որում ողջամիտ բանակցություններից ու կոմպրոմիսսից բացի ցանկացած քայլ աղետալի հետևանքներ է ունենալու ոչ միայն իշխանության կամ ընդդիմության, ոչ միայն ցույց անողների ու չանողների, այլև բոլոր-բոլորի համար։ Ավելորդ դրամատիզացում չի լինի, որ պետականության պահպանում-չպահպանումը հիմա միակ խաղադրույքն է։
Արման Աբրահամյան