Արփինե Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց, ապա հուզվեց
Ազգային ժողովի հատուկ նիստին ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հանդես եկավ արտահերթ ելույթով՝ նախապես նշելով, որ ի սկզբանե չէր պատրաստվում ելույթ ունենար, սակայն այստեղի ատելության մթնոլորտը, մերոնքի ձերոնքի բաժանումը իրեն ստիպեց ելույթ ունենալ: Հովհաննիսյանը նշեց՝ անկեղծորեն կարծում է, որ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մտահոգ է երկրի ճակատագրի համար, միաժամանակ ինքը նկատում է, որ կա մարդկային հարաբերությունների ճգնաժամ: «Դուք ասում էիք, որ համերաշխությունը ձեր հավատամքն է, որ ձեր հռետորաբանության մեջ ատելություն չկա, որ սիրո, համերաշխության մթնոլորտ է ստեղծվել, ես հավատում եմ, որ ուզում եք, որ այդպիսի մթնոլորտ լինի, բայց այդ մթնոլորտը միայն շարժման մասնակիցների միջև է՞, այլ կարծիք ունեցողների նկատմամբ չի՞ ենթադրում»,-հարցրեց պատգամավորը:
Նա նշեց, որ ինքը սկզբունքներ ունի, ամենևին էլ հայհոյանքների ու սպառնալիքների պատճառով չի կարող սկզբունք փոխել և այդ ժամանակ իրեն չարժի էլ հարգել: Նա շնորհակալություն հայտնեց շարժման ղեկավարներին իր ուսանողների մեջ հավատ ներշնչելու համար, բայց ասաց. «Դուք համարո՞ւմ եք, որ իրավունքների խախտում չի եղել այն օրը, երբ ձեր շարժման օրերին իմ ընտանիքի անդամի հոգեհանգիստն ու թաղումն էր, և թափորը չէր կարողանում դիակը հասցնել եկեղեցի, քանի որ ճանապարհը փակ էր»: Հարց տալու ընթացքում պատգամավորը հուզվեց, նշեց՝ էմոցիաների վրա չի խաղում ամենևին:
Իսկ իր երեկվա հարցը, թե կան արդյոք քաղաքական բանտարկյալներ, ամենևին էլ կեղծ հարց չէր, ցանկացել է հասկանալ՝ վարչապետի թեկնածուի դիրքորոշում: «Ես ի՞նչ եմ արել, հարց եմ տվել ընդամենը, եթե վատ է ընկալվել, ասել եմ՝ կներեք: Ախր դուք ինձ այդպես չեք ճանաչում, ախր ես ձեզ այդպես չեմ ճանաչում»: