Վաղը ժամը 11-ից հավաքվում ենք Հանրապետության հրապարակում՝ տոնելու հաղթանակը. Փաշինյան
«Հանրապետության հրապարակը վաղը՝ մայիսի 1-ից դառնում է համաժողովրդական տոնախմբության վայր»,-այս մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է վարչապետի թեկնածու, շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։
«Վաղը առավոտյան ժամը 11-ից հավաքվել Հանրապետության հրապարակում։ Չգնալ որեւէ այլ տեղ, բողոքի որեւէ տրամադրություն չունենալ, հավաքվել հրապարակում եւ տոնել սեփական հաղթանակը։ Տոնել հաղթանակը հուսահատության, արտագաղթի, թուլության, անորոշության նկատմամբ»,- ասել է Փաշինյանը։
«Հիմա որոշակի է, որ մեր երազանքները սկսում են իրականանալ, որովհետեւ մենք այլեւս չենք երազում ազատ եւ երջանիկ Հայաստանի մասին, մենք այսօր ապրում ենք ազատ եւ երջանիկ Հայաստանում»,- ասել է նա եւ կոչ արել բոլոր մարզերից, քաղաքներից ու գյուղերից հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հստակ արձանագրելու, որ իրենք են տերը մեր երկրի։
Նշենք, որ վաղը կայանալու է ԱԺ հատուկ նիստ՝ ընտրելու նոր վարչապետին։ Միակ առաջադրված թեկնածուն «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է։
Առավոտյան «Ելք» խմբակցությունն իր նիստում ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Կայացել են նաեւ դռնփակ բանակցություններ ՀՅԴ եւ «Ծառուկյան» դաշինք խմբակցությունների պատգամավորների հետ։ Այդ խմբակցությունները վաղ քվեարկելու են Փաշինյանի օգտին։ Լրագրողների ներկայությամբ հանդիպում է եղել ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ, Փաշինյանը պատասխանել է հանրապետականների հարցերին։
Նշենք, որ ԱԺ-ում ՀՀԿ-ն ունի 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք»-ը՝ 9, ՀՅԴ-ն 7 մանդատ: Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ է 53 ձայն: