Գյումրիում տնային պայմաններում պահվող արջի քոթոթը փրկվեց
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն այսօր Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին ի պահ է հանձնել աղմկահարույց պատմության հերոսին՝ Գյումրիում տնային պայմաններում պահվող արջի քոթոթին։
Ապրիլի սկզբին համացանցում տարածվեցին լուսանկարներ, որտեղ Գյումրիի փողոցներում վզնոցով արջի քոթոթ էր շրջում: Հետագայում պարզվել էր, որ քոթոթը վերցվել է վայրի բնությունից, դեպքի առիթով պատկան մարմինները համապատասխան վարույթ էին սկսել, ինչից հետո քոթոթի փաստացի տնօրինողը նրան ստիպված էր եղել հանձնել տեսչական մարմնին։ Գործն իրավապահների ուսումնասիրման տիրույթում է։
Արջի քոթոթը տեղափոխվել է Երևանի Կենդանաբանական այգի, որտեղ կենդանաբույժների մշտական վերահսկողության ներքո կանցնի վերականգնողական բոլոր փուլերը։ Քոթոթը երեք ամսական էգ առանձնյակ է։ Քննարկվում է նրան վայրի բնություն վերադարձնելու հնարավորությունը։
Գործողություններն իրականացվում էն FPWC կողմից արջերի փրկության լայնածավալ ծրագրի շրջանակում։