30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդներն արժանի են տեսնել այս կոնֆլիկտի կարգավորումը. Ջեյմս Ուորլիք /վիդեո/

Ներկայացնում ենք Արմնյուզ-ի բացառիկ հարցազրույցը ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուոլրիքի հետ:

Ռամիլ Սաֆարովի արտահանձնման դեպքերից հետո Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներն առաջին անգամ հանդիպեցին 2013 թվականին, և դա համարվում էր համանախագահների դիվանագիտական հաջողություն: Այս պահին ո՞ր փուլում են գտնվում երկու բանակցող կողմերը, նրանք նորից պետք է վերսկսե՞ն բանակցությունները, թե՞ շարունակեն մինչև այդ եղածը:

– Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել հարցազրույցի համար, շատ հաճելի է զրուցել ձեզ հետ:  Ինձ համար նաև հաճելի էր հանդիպումը հայաստանցիների հետ, ովքեր մասնակցել են այնպիսի ծրագրերի, որոնք կարող են վստահության ու ըմբռնման հիմքեր ձևավորել երկու ժողովուրդների միջև:

Եվ Հայաստանում, և Ադրբեջանում կան մարդիկ, ովքեր ցանկանում են դեպի խաղաղություն առաջ շարժվելու ճանապարհ գտնել: Դա մեզ շատ է ուրախացնում, մենք շատ ենք ցանկանում, որ այս երկու ժողովուրդների միջև ծրագրերը շարունակվեն: Բայց Դուք ճիշտ եք: Երկար ընդմիջումից հետո երկու նախագահները   նոյեմբերի 19-ին հանդիպեցին Վիեննայում և շատ կառուցողական զրույց ունեցան:

Նրանք այդ հանդիպումից դուրս եկան վստահ, որ կարող են այնպիսի ձևաչափ գտնել, որ կհարգեն երկու կողմերի , այսպես ասած կարմիր գծերը և ճանապարհ կգտնեն դեպի խաղաղ կարգավորում: Իհարկե դա հեշտ չէ: Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներն էլ են տեղյակ, որ հեշտ չէ, ուստի մենք շարունակում ենք քննարկումները:  

Ես նոր եմ վերադարձել Բաքվից և այսօր էլ հանդիպելու եմ Հայաստանի նախագահի հետ, որպեսզի քննարկենք այդ բարդ հարցերը և առաջ շարժվելու նոր ձևեր գտնենք, քանի որ Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդներն արժանի են տեսնել այս կոնֆլիկտի կարգավորումը և տևական խաղաղության հաստատումը: 

Արմնյուզ- Ի՞նչ եք կարծում, բանակցությունները Մադրիդյան սկզբունքների՞, Կազանյան հանդիպմա՞ն հիման վրա են շարունակվելու, թե՞ ինչ-որ նոր էջից են սկսվելու:

– Կարծում եմ մենք կենտրոնանում ենք ամենաբարդ ու կարևոր հարցերի վրա, և փորձում ենք գտնել, թե որտեղ ինչ համաձայնության եզրեր կան: Մենք դիտարկում ենք կողմերի տարաձայնությունները ու փորձում ենք ընդհանուր հայտարարի բերել դրանք:

Պետք է բանակցային այնպիսի լուծում գտնել, որից երկու կողմերն էլ կկարողանան դուրս գալ և ասել, որ այդ լուծումը լավ է յուրաքանչյուրի համար: Սա բանակցություն է, որտեղ մենք չենք ուզում հաղթողներ կամ պարտվողներ ունենալ: Մենք քննարկում ենք այս հարցերը, աշխատում ենք Մինսկի խմբի միջոցով, մեզ նաև աջակցում է Միացյալ Նահանգները` բոլոր միջոցներով, որոնք կօգնեն խաղաղ կարգավորմանը:

Արմնյուզ- Մի կողմից` կան դիվանագիտական ջանքեր, որպեսզի լուծվի այս խնդիրը, բայց մյուս կողմից`սահմանում զինադադար է: Եթե նայենք, կտեսնենք, որ 4-5 տարի առաջ միայն միջադեպեր էին տեղի ունենում, բայց այժմ երկու կողմերից էլ անընդհատ կրակոցներ են հնչում: Ի՞նչ է լինելու այս ամենի վերջը:

– Զինադադարն, իհարկե, շատ փխրուն է: Լավ նորությունն այն է, որ նոյեմբերի 19-ի գագաթնաժողովից հետո մենք նկատեցինք, որ հայ ադրբեջանական սահմանում այդ միջադեպերի քանակը զգալիորեն կրճատվել է, և դա լավ ազդանշան էր: Վերջերս լարվածությունը կրկին ավելացել է: Այդ լարվածությունը կարող է չեզոքացնել խաղաղ կարգավորում գտնելու մեր փորձերը: Մինսկի խումբն ու ԱՄՆ-ը բոլոր կողմերին կոչ են անում զերծ մնալ բռնություններից, հարգել զինադադարը: Մենք հույս ունենք, որ այդպես էլ կլինի, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ պետք է խուսափենք ցանկացած տիպի սրումից, որը,
ինչպես տեսնում ենք, կարող է վնասակար լինել՝ շփման գծում հանգեցնելով վիրավորների ու մարդկային կյանքերի կորստյան: Ոչ ոք չի ցանկանում դա: 

 

Մանրամասները`armnewstv.am-ում:

Վիդեոն` Արմնյուզի:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ