Ազգային ժողովում լուրջ քայլեր են ձեռնարկվում.Ժողովուրդ
««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ անվտանգության աշխատակիցները սկսել են առանձնակի խստությամբ ստուգել խորհրդարանի բակ մտնող պատգամավորական մեքենաները: Ինչպես հայտնի է` ԱԺ բակ մեքենաներով կարող են մուտք գործել ԱԺ նախագահը, փոխնախագահները, ԱԺ հանձնաժողովների նախագահները, խմբակցությունների ղեկավարները և անձինք, որոնց օրենքով սահմանված կարգով ԱԺ աշխատակազմը թույլտվություն է տվել: Եվ ահա, մեր տեղեկություններով, ԱԺ մուտք գործող բոլոր մեքենաները կանգնեցնում են, ստուգում մեքենայի նստատեղերը, բեռնախցիկը, անգամ հատուկ հայելիների միջոցով ստուգում են ԱԺ փոխնախագահների, հանձնաժողովի նախագահների և խմբակցությունների ղեկավարների մեքենաների տակը և համոզվելով, որ որևէ տարօրինակ բան չկա, նոր թույլ են տալիս մուտք գործել: Զարմանալի զուգադիպությամբ նման խիստ ռեժիմով ստուգումները սկսվեցին այն բանից հետո, երբ ապրիլի 11-ին ԱԺ «Ելք» խմբակցության անդամներ Լենա Նազարյանը և Արարատ Միրզոյանը ճայթուկ էին տեղափոխել ԱԺ դահլիճ և ակցիա իրականացրել: