Հանկարծ կոպիտ կհակադարձեմ, ու շատ անհարմար վիճակ կստեղծվի. Գ. Պետրոսյան
Աժ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր խորհրդարանի նիստի ժամանակ հայտարարեց, թե Կառավարության հարցուպատասխանի ժամանակ, երբ հարց է ուղղվում կառավարությանը, միայն նրանք իրավունք ունեն որոշել, թե ով պիտի պատասխանի, և պիտի պատասխանեն, թե ոչ: Ըստ նրա՝ որևէ մեկն իրավունք չունի ասել, թե պատգամավորի հարցը կոռեկտ է, թե ոչ, արժե հնչեցնել, թե չէ:
«Ես հարգում եմ բոլորին, բայց այդպիսի ինքնիրավչությամբ խնդրում եմ, հորդորում եմ չզբաղվել, հանկարծ կոպիտ կհակադարձեմ, ու շատ անհարմար վիճակ կստեղծվի: Ես որևէ մեկի ելույթին թույլ չեմ տվել արտահայտվել տեղից»,-ասաց նա:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ընդունում է բոլոր գործընկերների կարծիք արտահայտելու իրավունքը, իսկ խորհրդարանում էլ պիտի լինի փոխադարձ հարգանքի մթնոլորտ:
Հիշեցնենք, որ երեկ Պետրոսյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմել էր Առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանին՝ նշելով, թե ամենաանմխիթար վիճակում գտնվող նախարարության ղեկավարն ինչու է այդքան երջանիկ: