26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Մուշոյին ի՞նչ անենք, մինչև վերջ կըզըցնե՞նք». Նորատուսցի Ալիկի գործով գաղտնալսումները բացահայտում են. Ժամանակ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրի ապակեպատ դահլիճում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց  2016 թվականի նոյեմբերի 13-ին Չարբախում՝  «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կատարված աղմկոտ սպանությունների գործով դատական քննությունը:

Ամբաստանյալի աթոռին երեք ամբաստանյալներ են՝ Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամ» մականունով, Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկ» մականունով, նաև՝ Արմեն Գասպարյանը, ով, ըստ մեղադրանքի, հանդիսանալով «Նորատուսցի Ալիկի» մտերիմը և մշտապես ուղեկցելով նրան, հաստատապես տեղեկացել է «Նորատուսցի Ալիկի» օժանդակությամբ ու դրդչությամբ «Չարբախցի Գեղամի», Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված այլ անձանց կողմից, խմբի կազմում դիտավորությամբ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մասին, սակայն դրսևորել է հանցավոր անգործություն և նախապատրաստվող ծանր հանցագործության մասին դիտավորությամբ չի հայտնել իրավասու մարմիններին: Արմեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 335 հոդվածի 1-ին մասով:

Մյուս երկու ամբաստանյալներին առաջադրված են ծանր մեղադրանքներ:

Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամը», մեղադրվում է խմբի կազմում դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, իսկ Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկը», մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի  38-112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելուն դրդելու, օժանդակելու համար, ինչի հետևանքով տուժողը մահացել է:

Ըստ մեղադրանքի՝ Նորատուսցի Ալիկը Չարբախցի Գեղամի հետ հեռախոսային խոսակցության ժամանակ «հորդորներ է հնչեցրել» Մուշեղ Մուշեղյանի վերաբերյալ. «Դրան մորթեք, սատկացրեք, մահակներով ոտքերը ջարդեք»: Այսինքն, ըստ մեղադրանքի, դրդել է Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելուն և «հորդորելու, շահագրգռելու եղանակով Պետրոս Իսրայելյանի մոտ Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելու վճռականություն է հարուցել»:

Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Բանդուրյանը դեպքի օրը՝ 2016 թվականի նոյեմբերի 13-ին, հանցավոր խմբին օժանդակել է՝   ծրագրված հանցագործությունը՝ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու, այն «անխոչընդոտ» իրականացնելու  եղանակով:

Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամը», ըստ մեղադրանքի, նախնական համաձայնության է եկել Գևորգ Ավետիսյանի ու քննությամբ չպարզված անձանց հետ և Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ իրագործել է Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ ծրագրված ոտնձգությունը, սակայն հանդիպել է Մուշեղ Մուշեղյանի զինված դիմադրությանը՝ վերջինս անհրաժեշտ պաշտպանության վիճակում կրակոցներ է արձակել:

Մուշեղյանի դիմադրությունը հաղթահարելու, այդ ժամանակ ծագած՝ Մուշեղյանին սպանելու հանցավոր դիտավորությունը ավարտին հասցնելու նպատակով, ըստ մեղադրանքի, Պետրոս Իսրայելյանը խմբի կազմում Մուշեղյանին ուղղակի դիտավորությամբ սպանել է:

«Լիա» գեղեցկության սրահում կատարված «ռազբորկայի» արդյունքում 25-ամյա Գևորգ Ավետիսյանը՝ Պետրոս Իսրայելյանի բարեկամը, տեղում մահացել է:

38-ամյա Մուշեղ Մուշեղյանն ու 35-ամյա Արամ Պետրոսյանը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Մուշեղ Մուշեղյանը մահացել է:

Նախորդ դատական նիստում մեղադրող Գ. Գևորգյանը միջնորդել էր դատարան հրավիրել ու լրացուցիչ հարցաքննել մի քանի վկաների, ում դատաքննական ցուցմունքները հակասում էին դատարանում հետազոտված՝ գաղտնալսված հեռախոսազրույցների բովանդակությանը:

Դատարանը բավարարել էր մեղադրողի միջնորդությանը,  դատարան էին հրավիրվել վկաներ Արտակ Նազարյանը, Արման Հարությունյանը, Գոռ Իսրայելյանը, Արամ Պետրոսյանը, Միսակ Միրիջանյանը, Լևոն Մեսրոպյանը, Արսեն Սիմոնյանը:

Առաջինը հարցաքննվեց վկա Արտակ Նազարյանը: Մեղադրող Գ. Գևորգյանը մեջբերեց վկա Արամ Պետրոսյանի նախաքննական ցուցմունքից հատված՝ դեպքի պահին նկուղում Մուշեղ Մուշեղյանը վազեց դեպի շքամուտքի դուռը, փորձեց բացել այն, բայց դուռը փակ էր: Գևորգը վազեց Մուշեղի հետևից, նա ու մյուսները սկսեցին Մուշեղին հարվածներ հասցնել…

Դատարանում վկա Արամ Պետրոսյանն ասել է, թե ինքը այդ պահը այլ կերպ է նկարագրել՝ Մուշեղը ոչ թե վազել է, այլ հետ-հետ գնալով է շարժվել դեպի շքամուտքի դուռը:Գևորգը գնացել է նրա հետևից… Ինքը չի տեսել, որ բացի Գևորգից՝ ուրիշ մեկը Մուշեղին հարվածի…

Մեղադրողը հարցրեց՝ ո՞ր նկարագրությունն է ճիշտ:

Վկա Արտակ Նազարյանն ասաց, որ ինքը գեղեցկության սրահի նկուղային հարկ է մտել ո՛չ ամենասկզբից, ուշ է մտել, նման բաների ականատես չի եղել: Ինքը մտել ու տեսել է, որ Մուշեղը կանգնած վիճակում զենքը ձեռքին սկսել է կրակել…

Մեղադրողը մեջբերեց գաղտնալսված հեռախոսազրույցներից մեկը՝

Չարբախցի Գեղամը՝ Բդոյին. «Էտի (Մուշեղը) մեռածի նման մարդ ա, թև-ոտը ջարդել ենք… Հենց էդ բ…-ը ընգած տեղը խփեց… ընգած տեղը զենքով ա խփե…»:

Վկա Արտակ Նազարյանն ասաց, թե չի տեսել, որ Մուշեղն ընկած տեղից կրակի, ինքը նրան տեսել է կանգնած վիճակում կրակելիս…

Վկան ասաց, թե դեպքի վայրում շատ կարճ՝ մեկ րոպեի չափ է եղել՝ կրակոցները լսել, իր առողջության մասին է մտածել ու դիմել է փախուստի:

Մեղադրող Արգիշտի Քյարամյանը մի քանի հարցով փորձեց պարզել՝ մեկ րոպեի ընթացքում ուրիշ ի՞նչ է տեսել վկան՝ նկատելով, որ փախուստը նրա հիշատակած մեկ րոպեի մեջ չի մտնում, իսկ նկարագրածը մեկ-երկու վայրկյանի բան է՝ Մուշեղը կանգնած կրակում էր…

Փաստաբան Երեմ Սարգսյանը վերը հիշատակված հեռախոսազրույցի դրվագի մեջ անհստակություն տեսավ ու ներկայացրեց. գաղտնալսված խոսքում՝ «Ընգած տեղը խփեց… ընգած տեղը զենքով ա խփե…»՝ սա կարող էր նշանակել, որ ոչ թե կրակողն էր ընկած, այլ նա, ում կրակում էր… Ըստ Երեմ Սարգսյանի՝ մեղադրողները ապացույցները մեկնաբանում են՝ ինչպես ցանկանում են, մինչդեռ այդ ապացույցները դեռ պիտի գնահատվեն…

Նախագահողը այս նիստում մի քանի անգամ կողմերին հիշեցրեց, որ գործով հետազոտված ապացույցները գնահատելու է միայն դատարանը, կողմերի տված գնահատականները դատարանի համար հիմք չեն…

Պաշտպանական կողմը վկաներին հիմնականում հարցեր էր տալիս՝ Պետրոս Իսրայելյանին վերագրվող հեռախոսազրույցներում արված նկարագրությունների վերաբերյալ՝ ենթատեքստում դրանք որպես չափազանցություն գնահատելով: Վկաները բոլորը միաձայն այն կարծիքին էին, որ Չարբախցի Գեղամը, որպես «ճիշտ ապրող տղա», սուտասան լինել չի կարող, բայց նա իրադարաձությունները հատկապես Նորատուսցի Ալիկի հետ հեռախոսազրույցներում ներկայացնելու ժամանակ… դիմել է չափազանցությունների: Վկաներից՝ Արամ Պետրոսյանը այդ երևույթը նույնիսկ անվանեց «գլուխգովանություն»…

Խոսքը գնում էր մասնավորապես՝ Չարբախցի Գեղամի հետևյալ «գեղարվեստական» նկարագրություններին. «Էդրան ես տվի ու՝ տվին, ախպե՛ր, տվին… Ես տվի ու գնաց կաշը…», «Մորթեցինք… Էտի (Մուշեղը) մեռածի նման մարդ ա, թև-ոտը ջարդել ենք… »…

Վկա Արտակ Նազարյանը նշեց. «Գեղամին ճանաչելով՝ չեմ կարող պատկերացնել, որ մարդ կծեծի… Եթե ասել ա՝ ուրեմն չափազանցրել ա…»:

Վկա Արման Հարությունյանը նշեց, թե դեպքի վայրում եղել է հինգ-վեց րոպե ընդամենը: Հենց որ Մուշեղը սկսել է կրակել, ինքը փախել է. «Ես մտա՝ Մուշեղն ու Գևորգը արդեն վիճում էին… Մուշեղին կանգնած եմ տեսել… Մուշեղը զենքը հանեց, Գևորգը՝ դանակը: Ու գրկախառնվեցին…»:

Չարբախցի Գեղամը չափազանցությունների սիրահար էր, թե՞ ոչ՝ հարցին վկան պատասխանեց, թե ինքը Գեղամի որդուն՝ Գոռին է  ուսանողական տարիներից ճանաչում, իսկ Գեղամին ճանաչում է որպես «Գեղամ ձյաձ»:

Մեղադրող Քյարամյանը մի քանի անգամ հարցրեց՝ ձեր պրակտիկայում չի՞ եղել, որ Գեղամը ինչ-որ բան պատմելիս չափազանցնի, ծաղկացնի… «Եթե իմ կարծիքն եք հարցնում՝ Գեղամ ձյաձը շատ լավ մարդ ա… Ես բացարձակ չեմ հիշում, որ ինչ-որ բան «ծաղկացնելով» ներկայացնի… Նենց չի, որ ես ամեն օր տեսել եմ Գեղամ ձյաձին… նրա հետ էդպես զրույցներ էլ չեմ ունեցել, տեսել-բարևել եմ…»:

Վկա Արսեն Սիմոնյանն ասաց, թե դեպքի վայրում մի քանի րոպե է եղել: Ինքը Գեղամին ու նրա որդի Գոռին ճանաչել է. «Առիթից առիթ ենք շփվել… Չեմ կարա ասեմ՝ Գեղամը ինչպիսի անձնավորություն է»:

Վկան պնդեց, թե չի տեսել, որ Մուշեղը պառկած վիճակում կրակի: Դեպքի վայրում Գեղամին ընդհանրապես չի տեսել: Տեսել է միայն Մուշեղի ու Գևորգի վիճաբանությունը, հետո՝ Մուշեղի կրակոցները, Մուշեղի ու Գևորգի՝ իրար փաթաթվելը:

Մեղադրող Ա. Քյարամյանը մեջբերեց մի դրվագ գաղտնալսված հեռախոսազրույցից. «Նորատուսցի Ալիկը՝ Չարբախցի Գեղամին՝ «Սաղին հասկացրու, որ դուք իրան (Մուշեղին) չեք ծեծե դեմից…  Պդի չասվի՝ դեմից ծեծել եք, ընգե՛ր, ձեր վրեն որ չմնա թեման…»:

Չարբախցի Գեղամ՝ «Էտի (Մուշեղը) ոնց որ չկա, Ա՛լ…»:

Նորատուսցի Ալիկ՝ «Մեռած ա՞»:

Չարբախցի Գեղամ՝ «Ոնց որ…»:

Նորատուսցի Ալիկ՝  «Էտի ուրեմ դուխով կարան վրեն գրեն աջուձախ…»:

Մեղադրողը հարցրեց՝ այս ասվածի հիման վրա՞ է վկան ու նաև՝ մյուս վկաները, միայն «մեռելների»՝ Մուշեղի ու Գևորգի «վրա» ցուցմունք տալիս:

Դատարանը դիտողություն արեց մեղադրողին, որ հարգալից խոսի «հանգուցյալների» մասին: Մեղադրողը նկատեց. «Հանգուցյալն ու մեռելը նույն բանն են»:

Վկա Արսեն Սիմոնյանը սկզբում ասաց, թե Մուշեղին «կարող ա» դանակով խփել ա Գևորգը: Հետո վկան պնդեց, որ հատկապես Գևորգն է խփել Մուշեղին, ինքը չի կասկածում, իսկ «կարող ա» բառը հենց էնպես է ասել…

Վկան պնդեց, թե դեպքի վայրում Պետրոս Իսրայելյանին՝ Չարբախցի Գեղամին չի տեսել, միայն նրա որդի Գոռին է տեսել:

Վկա Արամ Պետրոսյանը դատավորի տված առաջին իսկ հարցը՝ ինքնության վերաբերյալ լավ չլսելով՝ հարցրեց. «Ջա՞ն»: Նախագահողը նրան նկատողություն արեց, բացատրեց՝ ինչպես դիմի դատարանին, ապա հավելեց. «Սա դատարան է, թատրոն չի»:

Այս վկան այլ պարագաներում միգուցե տուժող լիներ, քանի որ Մուշեղի արձակած կրակոցներից վնասվածքներ է ստացել, բայց քանի որ վարույթն իրականացնող մարմինը Մուշեղ Մուշեղյանի գործողությունները գնահատել է իրավաչափ՝անհրաժեշտ պաշտպանության վիճակում կատարված գործողություններ, այդ պատճառով Արամ Պետրոսյանը կամ Արամիկը պարզապես վկա է այս գործով: Նա նույնպես պնդեց, թե Մուշեղին տեսել է կանգնած վիճակում  կրակոցներ արձակելիս: Հետո էլ ինքն ուշաթափվել է, ուրիշ բան չի տեսել ու չի հիշում…

Այս վկան նույնպես Չաբախցի Գեղամի՝ «մորթեցինք, ոտ-ձեռը ջարդեցինք» արտահայտությունները ոչ թե որպես սուտ գնահատեց, այլ՝ որպես անմեղ «չափազանցություն»:

Վկան պնդեց, որ նախաքննական ցուցմունքում ինքն ասել է, թե Մուշեղը հետ-հետ գնաց դեպի շքամուտքի դուռը, իսկ քննիչը հասկացել է, թե Մուշեղը «վազեց դեպի շքամուտքի դուռը», ինքն այդպես չի ասել, ի՞նչ վազել. «Ոնց տեսել եմ, նենց ասում եմ: Ես վաբշե կաշկանդված չեմ…»:

Չարբախցի Գեղամի՝ չափազանցելու հատկանիշի վերաբերյալ պաշտպան Լուսինե Ավագյանի հարցին վկան պատասխանեց, թե ինքը Գեղամի հետ այնպիսի զրույցներ չի վարել, որ նրա այդ հատկանիշին ծանոթ լինի:

Մեղադրող Քյարամյանը համարյա նույն բանը հարցրեց՝ ավելի իրավաբանական «բառամթերքով», վկան ասաց. «Մարդավարի լեզվով ասեք՝ հասկանամ»:

Մեղադրողները պահանջեցին, որ դատարանը տուգանի վկային՝ անհարգալից պահվածքի համար, չնայած նույն վկան մեղադրողներին նաև «հաջանով» էր դիմել:

Դատարանը վկային չտուգանեց, միայն նկատողություն արեց, միաժամանակ դիտողություն արեց նաև մեղադրողներին, որ  հարցաքննվող վկաների հետ «դու»-ով չխոսեն, փոխադարձաբար հարգալից լինեն:

Մեղադրող Ա. Քյարամյանն ընդդիմացավ ու նշեց, որ իրավիճակային դիմելաձև է երբեմն «դու»-ն, ոչ թե անհարգալից վերաբերմունք:

«Մի՛ սաստեք ինձ»,- դատարանից պահանջեց երիտասարդ մեղադրող Քյարամյանը:

Նախագահողը զայրացավ. «Ի՞նչ իրավունքով եք դատարանին դիտողություն անում…»:

Վկա Արամ Պետրոսյանն էլ իր պահանջն ուներ. «Մի ձևի տվեք հարցը, մի ձևի պատասխանեմ»:

Վկան նշեց, որ իրենք սկզբում Մուշեղի ասած տեղը հանդիպման գնացել են երկու մեքենայով: Չարբախ են վերադարձել նույնպես երկու մեքենայով: Գաղտնալսված հեռախոսազրույցներում հնչող՝ «հիսուն ավտո»-ն, «մորթեցինք»-ը, ըստ վկայի,  չափազանցություններ են, Չարբախցի Գեղամի կողմից՝ «գլուխգովանություն»:

Մեղադրող Գ. Գևորգյանը դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունից մեջբերեց, որ հանգուցյալ Մուշեղ Մուշեղյանի «զստոսկրը» կոտրված է եղել, այնպես որ՝ «ոտ ջարդելու» վերաբերյալ Չարբախցի Գեղամի խոսքերն այնքան էլ չափազանցված չէին…

Վկա Լևոն Մեսրոպյանի լրացուցիչ հարցաքննության ժամանակ մեղադրող Գ. Գևորգյանը մեջբերեց հենց այս վկայի հեռախոսահամարից երկու տարբեր օրերի կատարված հեռախոսազրույց՝ այն հեռախոսահամարի հետ, որը դեպքից հետո առգրավվել է Արմեն Գասպարյանի՝ Բդոյի մոտից. «Վիրաբիկին (Բանգլադեշցի Վիրաբիկին) ասի՝ սենց-սենց… Էն Մուշոյին….», «Մուշոյին ի՞նչ անենք, մինչև վերջ կըզըցնե՞նք»:

Վկա Մեսրոպյանն  ասաց, որ հեռախոսն ու հեռախոսահամարը  իրենն են, բայց խոսակցությունն իրենը չի՝ ինքը «Վիրաբիկ» անունով մարդու չի էլ ճանաչում, նման բաներ չի խոսել: Հնարավոր է՝ ինչ-որ մեկն իրենից ուզել է իր հեռախոսն ու զանգել է ինչ-որ ուրիշ մեկին: Նույնիսկ հնարավոր է, որ այդ ինչ-որ մեկը տարբեր օրերի իրենից վերցրած լիներ իր հեռախոսն ու նույն թեմայով խոսեր ինչ-որ ուրիշի հետ. «Էդ բովանդակությամբ ես չեմ խոսել»,- իր խոսքը պնդեց վկան:

Հաջորդ նիստին դատարանը լրացուցիչ կհարցաքննի ևս երկու վկայի՝ Չարբախցի Գեղամի որդի Գոռին ու Միսակ Միրիջանյանին:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ