Գնում ենք մի համակարգ, որտեղ երկրների շահերը ԼՂ հարցում չեն համընկնում. քաղաքագետ
Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրատվամիջոցների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշեց, որ մեր կառավարությունն ուզում է արագացնել Մաքսային միությանը միանալու պրոցեսը:
Ըստ քաղաքագետի` Սահմանադրության համաձայն` ցանկացած լուրջ միջազգային փաստաթուղթ, պայմանագիր, որ ստորագրվում է, ի վերջո պետք է անցնի Ազգային ժողով, քննարկվի, ապա նոր ստորագրվի:
«Սահմանադրորեն նախատեսված է նաեւ հանրաքվե, ինչն այս պարագայում, կարծում եմ, ճիշտ կլինի նաեւ այն բանի համար, որ մենք անպայման ունենալու ենք խնդիրներ` կապված Մաքսային միության հետ»,- նշեց բանախոսը:
Մաքսային միություն մտնելով` ապրանքների գները մեզ մոտ կբարձրանան, ինչը, քաղաքագետի խոսքով գալիս է Մաքսային միության պայմաններից:
«Մտնելով այնտեղ` մենք դառնալու ենք երրորդ երկիր, իսկ երրորդ երկրի պարագայում ապրանքների գները նվազագույնը 15 տոկոսով կբարձրանան: Երկրորդ խնդիրն էլ այն է, որ Սերժ Սարգսյանն ասել էր, որ ՄՄ անդամ երկրները Լեռնային Ղարաբաղի հարցում անում են հակառակ հայտարարություններ, որոնք հակասում ու չեն համընկնում Հայաստանի շահերի հետ: Այսինքն` մենք գնում ենք մի համակարգ, որտեղ երկրների շահերը Լեռնային Ղարաբաղի հարցում չեն համընկնում»,- նշեց Ս. Գրիգորյանը: