Գյումրին, Չերչիլը ու «մշակութային պատերազմները»․ 10-րդ «Վերածնունդը» մեկնարկեց /ֆոտո/
Գյումրիի պետական դրամատիկական թատրոնում պաշտոնապես բացվեց «Վերածնունդ» միջազգային մրցույթ–փառատոնը, որը 10-րդ անգամ է անցկացվում։
Փառատոնը պաշտոնապես մեկնարկելիս՝ հատուկ շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին, հատկապես նախագահ Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամներին․ նրա կնոջը՝ Ռիտա Սարգսյանին և եղբորը՝ Լևոն Սարգսյանին։
Փառատոնը անցկացվում է առաջին տիկնոջ հովանու ներքո, իսկ որպես կազմակերպիչներ հանդես են գալիս ՀՀ Մշակույթի նախարարությունը, Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը, Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը և «Վերածնունդ» միջազգային մրցույթ–փառատոն» ՀԿ–ն:
«Վերածնունդը», գալիս է փաստելու, որ մեր ժողովուրդը նույնիսկ ամենածանր տարիներին, լինի ծանր տնտեսական ճգնաժամ, լինի պատերազմական տարիներ, լինի բնության արհավիրք, իր փրկությունը նաև գտել է արվեստի մեջ, մշակույթի մեջ։ Շատ հաճախ, երբ խոսք է գնում մշակույթի մասին, հիշում եմ Չերչիլի հայտնի խոսքերը։ Պատերազմի տարիներին, երբ քննարկում էին Մեծ Բրիտանիայի բյուջեն, Չերչիլը բացեց բյուջեն ու հարցրեց՝ իսկ մշակույթի տողն ո՞ւր է, ֆինանսների նախարարն ասաց՝ իսկ պատերազմի ժամանակ ի՞նչ մշակույթ, Չերչիլը պատասխանեց՝ եթե մշակույթի համար չենք կռվում, բա ինչի՞ համար ենք կռվում»,-ասաց Շիրակի մարզպետը։
Այս տարի մրցույթ–փառատոնը նվիրվում է Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը ՀՀ անդամագրման 10, Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցներին և արվեստի «Վերածնունդ» միջազգային մրցույթ փառատոնի տասնամյա հոբելյանին:
2007թ–ից սկսած ամեն տարի Գյումրի քաղաքում հայ ժողովրդի վերածննդի գաղափարի ներքո անցկացվում է արվեստի «Վերածնունդ» միջազգային մրցույթ–փառատոնը:
Մրցույթ–փառատոնի նպատակն է խթանել դասական, ազգային արվեստի և մշակույթի մասսայականացմանը, տարբեր ազգերի արվեստագետների միջև ստեղծել նոր, ստեղծագործական և բարեկամական կապեր, պատանիներին և երիտասարդներին հնարավորություն տալ իրենց վարպետությունը և ազգային մշակույթը պատշաճ ներկայացնելու համար, գիտամանկավարժական փորձի փոխանակման հնարավորություն ստեղծել:
2018թ–ին «Վերածնունդ» մրցույթ–փառատոնին մասնակցելու հայտեր են ներկայացրել 37 երկրներից ավելի քան 3100 անհատ կատարողներ և համույթներ:
Մրցույթներն անցկացվում են հինգ տարիքային խմբերով, 21 անվանակարգերով՝ և այս տարվա նորությունը՝ կերպարվեստ: Մասնագիտական հանձնաժողովների (ժյուրիների կազմում) ընդգրկված են բազմաթիվ արվեստի ճանաչված գործիչներ աշխարհի 14 երկրներից: