«Հոգևոր Հայաստանը» բարձրացնում է համազգային ընտրանու ձևավորման խնդիր/տեսանյութ/
«Հոգևոր Հայաստանը» բարձրացնում է համազգային ընտրանու ձևավորման խնդիր:
Այսօր՝ ապրիլի 5-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նախաձեռնության հիմնադիր անդամները հայտնեցին, որ կա հստակ ձևավորված ճանապարհային քարտեզ և ծրագիր:
Նախաձեռնության անդամ, ռեժիսոր, դրամատուրգ Խաչիկ Չալիկյանը նշեց, որ ձևավորվելու է համայն հայության հարցերի խորհուրդ, որի օրակարգում կլինի համայն հայության միասնականության հարցը: Իսկ այն ձևավորելու համար իրենք կսկսեն կոնսուլտացիաներ բոլորի հետ՝ իշխանության, հասարակության, մտավորականության, սփյուռքահայության:
«Համահայկական կառավարություն է ձևավորվում, որովհետև մենք այսօր իշխանություն և կառավարություն չունենք, իսկ ընդդիմությունը վստահություն չի ներշնչում»,- նշեց Չալիկյանը:
Պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Կարապետյանը հայտարարեց, թե «Հոգևոր Հայաստանը» զանգակատան դերակատարություն է կատարում:
«Նորից բարձրաձայնում եք միասնականության հարցը, որն այսօր ամենամեծ պահանջարկն ունի հանրության և համազգային մակարդակում: Հայաստանի 26-ամյա Հանրապետությունն այդպես էլ չկարողացավ իրավիճակ ստեղծել, որ յուրաքանչյուր հայ ապրի միասնական կյանքով, իրեն մասնակից զգա ՀՀ-ի ամբողջ գործունեության»,- նշեց պատմաբանը:
Կարապետյանը նշեց, որ ձևավորվելիք Խորհուրդը քաղաքական միավորում չէ:
«Մենք այդպես էլ չկարողացանք ունենալ այնպիսի ազգային առաջնորդներ՝ ոչ քաղաքական էլիտա կոչվածը, ովքեր հանձ կառնեին կամ կվերցնեին պատասխանատվություն համայն հայության խնդիրները բարձրաձայնելու, ինչու չէ նաև առաջնորդելու առումով»,- նկատեց նախառենության անդամ, երգահան Եղիշե Պետրոսյանը:
Եղիշե Պետրոսյանի խոսքով՝ Հայաստանն առանց թռիչքի չի կարող անցնել զարգացման հաջորդ փուլ:
Մանրամասները՝ տեսանյութում: