Բացվել է ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի անվան հրաձգարան
Երևանի քաղաքապետարանի ենթակայության Նիկոլայ Գոգոլի անվան հ. 35 հիմնական դպրոցի բակում բացվել է կրթօջախի նախկին սան, ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված Արմենակ Ուրֆանյանի անվան հրաձգարանը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը:
Հրաձգարանի բացման պատիվը վերապահվել է հերոսի մորը՝ Համեստ Ուրֆանյանին: Միջոցառման ընթացքում դպրոցի սաները ներկայացրել են կապիտան Արմենակ Ուրֆանյանի անցած մարտական ուղին ու ապրիլյան քառօրյայում նրա սխրագործությունը:
Հրաձգարանի բացմամբ դպրոցականները հնարավորություն կստանան այստեղ անցկացնել ռազմագիտության դասաժամերի որոշ մասը: Հրաձգարանը բաց կլինի նաև նրանց համար, ովքեր ցանկություն կունենան այստեղ կատարելագործելու կրակային պատրաստության իրենց գիտելիքները: