«Հայրենիքը Հանրապետական կուսակցությանը չէ, եւ հայ ժողովուրդն է որոշելու». Մովսես Հակոբյանը Լելե Թեփեն վերադարձնելու մասին
«Այն խնդիրները, որոնք կային ապրիլյան պատերազմի ժամանակ բոլորի վերաբերյալ համապատասխան միջոցներ են ձեռնարկվել: Հակառակորդը այդպիսի ռազմական գործողություն այլեւս չի կարող իրականացնել, քանի որ հայոց բանակը պատրաստ է: Հակառակորդի նկատմամբ գերակայություն ձեռք բերելու ուղղությամբ այժմ աշխատանքներն ենք իրականացնում»,-այսօր՝ ապրիլի 2-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։
Նա հավելեց, որ ապրիլյան պատերազմից հետո Հայոց բանակը նոր սպառազինությամբ է համալրվել:
Լրագրողի հարցին արդյոք իշխանությունը հիմա էլ է կարծո՞ւմ, որ ապրիլյան պատերզմում կորցրած Լելե Թեփեն վերադարձնելու անհրաժեշտություն չկա, Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Ես այդպիսի հայտարարություն երբեք չեմ արել»:
Ճշտող հարցին, թե երբ են պատրասվում հետ բերել Լելե Թեփեն, նա արձագանքեց. «Երբ դրա վերաբերյալ անհրաժեշտ որոշում կայացվի»:
Անդրադառնալով հարցին, թե ՀՀԿ-ն հայտարարել է, որ կորցրած տարածքները ռազմավարական նշանակության չեն, եւ արդյոք դրանո՞վ է պայմանավորված, որ քայլեր չեն արվում կորցրած տարածքները հետ բերելու ուղղությամբ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետն արձագանքեց. «Հայրենիքը Հանրապետական կուսակցությանը չէ, եւ հայ ժողովուրդն է որոշելու»: