Ինչպես եւ երբ դուրս գալ պահքից. պարտադիր պետք է եկեղեցի գնալ
Հայտնի է, որ պահքը լինում է հոգեւոր եւ սննդային։ Եթե հարցնում ենք, թե ինչպե՞ս դուրս գալ պահքից, ապա կարեւոր է ընդգծել, որ հոգեւոր պահքից դուրս չենք գալիս։ Հոգեւոր պահքը պետք է ուղեկցի մեզ ամբողջ կյանքի ընթացքում։
Qahana.am-ի փոխանցմամբ, սննդային պահքից դուրս գալու համար կարեւոր է Ավագ շաբաթվա ընթացքում մասնակցել եկեղեցում իրականացվող բոլոր արարողակարգերին, իսկ վերջում՝ Ճրագալույցի օրը (շաբաթ երեկոյան) առավոտից ծոմ պահել եւ մասնակցել Ճրագալույցի Ս. Պատարագին ու Հաղորդություն ստանալով՝ դուրս գալ պահքից։
Շաբաթ երեկոյա՞ն դուրս գալ պահքից, թե՞ կիրակի առավոտյան:
Նախընտրելի է պահքից դուրս գալ շաբաթ երեկոյան՝ մասնակցելով Ճրագալույցի Ս. Պատարագին։ Իսկ եթե հանգամանքների բերումով չի ստացվում, ապա պահքից դուրս ենք գալիս կիրակի առավոտյան՝ մասնակցելով Զատկական Ս. Պատարագին։ Երկու դեպքում էլ հարկավոր է ծոմ պահել, այսինքն՝ մինչեւ Հաղորդություն ստանալը չուտել եւ չխմել։
Պարտադի՞ր է եկեղեցի գնալ պահքից դուրս գալու համար:
Այո։ Պահքից դուրս գալու համար հարկավոր է գնալ եկեղեցի, մասնակցել Սուրբ Պատարագին, ստանալ Սուրբ Հաղորդություն եւ նոր համարել, որ Պահքն ավարտված է։
Իսկ եթե չե՞նք կարողանում այցելել եկեղեցի։
Եթե եկեղեցի այցելելու անհնարինությունը արդարացված է եւ կարող է մի քանի օր ձգձգվել, ապա կարող եք Ավագ Շաբաթ երեկոյան պահքից դուրս գալ, իսկ առաջին հնարավորության դեպքում մասնակցել Ս. Պատարագին եւ Ս. Հաղորդություն ստանալ։