Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգողին
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը մարտի 26-ին ընդունել է ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին:
Նախարար Հարությունյանը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի միջև համագործակցության ներկայիս մակարդակն ու վստահություն հայտնել, որ պարոն Շարփն իր ներդրումը կունենա Հայաստանում ՄԱԿ-ի ծրագրերի արդյունավետ իրականացման գործում:
ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախարարին հանդիպման համար և Նախարարության աշխատակազմի հետ փոխգործակցությունը որակել գերազանց:
Հանդիպման ընթացքում Դավիթ Հարությունյանն ու Շոմբի Շարփը քննարկել են մի շարք ուղղություններով փոխգործակցությունը խորացնելուն առնչվող հարցեր, անդրադարձել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրին, ինչպես նաև էլեկտրոնային արդարադատության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին:
Հանդիպման ավարտին արդարադատության նախարարն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը վերահաստատել են վերոնշյալ ոլորտներում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը: