Արյան հետքերով սփռոցը անհետացել է.25 ամյա Արտյոմի սպանության պատվիրատուն հայտնի է/տեսանյութ/
Գյումրիի 25-ամյա բնակիչ Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզաննա Ադանալյանը շարունակում է պայքարել որդու մահվան հանգամանքները բացահայտելու և արդարադատություն հաստատելու համար:
Նշենք, որ երեք օր առաջ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Արտյոմ Ադանալյանի սպանության գործով դատավարությունը: Գյումրեցի 25-ամյա երիտասարդի սպանության համար ամբաստանյալ Արթուր Մարտիրոսյանը դատապարտվեց 11 տարվա ազատազրկման:
Մայրը համոզված է, որ սպանությունը խմբակային է եղել և պատվիրված՝ անձնական թշնամության դրդապատճառով:
«Որդուս մարմնական վնասվածքներ հասցվել են խմբի կողմից, սա ամենակարևոր հանգամանքն է: Հանդիպել եմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի հետ:Սկզբում նա ասաց, որ ցանկանում է օգնել գործի բացահայտման համար: Հետո ասաց, որ կրկնակի դատաբժշկական փորձաքննություն չի կարող լինել: Դատախազը նշեց, որ հնարավոր է մեկ գործիքով են հարվածները հասցվել, հնարավոր է տարբեր գործիքներով: Ուզում եմ շեշտել՝դեպքի վայրից անհետացել է իրեղեն ապացույց, լրագրասեղանի վրայի արյան հետքերով սփռոցը որտե՞ղ է: Հովհաննես Թոփչյանը որդուս դանակի հարվածներ հասցնող անձանցից մեկն է, սակայն չպատժվեց:Դատախազը փորձում էր շեղել և խեղաթյուրել եզրակացությունը: Թունավոր նյութ է հայտնաբերվել այն սրվակի մեջ որը ներարկվել է որդուս: Ծնողը տեսնում է , որ իր երեխային ներարկված սրվակի մեջ թույն է հայտնաբերվել: Դատախազը պնդում է, որ «Ատրոպինի» սրվակում լինում է թույնի որոշակի քանակություն: Ինչպե՞ս կարող է դատախազի տեղակալը իր վրա վերցնի փորձագետի ֆունկցիան»,-նշեց հուսահատված մայրը:
Ռուզաննա Ադանալյանը հայտնեց, որ ի սկզբանե հայտարարել է, որ որդու սպանության պատվիրատուն Շիրակի մարզի կանանց, ընտանիքի և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լուսինե Գինոսյանն է ու սպանության պատվերը իրականացվել է ոստիկանության միջոցով:
«Որդուս դաժանաբար սպանել են և խմբակային, սակայն դատվել է մի մարդ: Ազգային հերոս Սոֆիլյանին դատապարտեցին 10,5 տարվա ազատազրկման, որդուս սպանողին 11 տարվա ազատազրկման:Գուցե Արթուրն էլ դատախազության հերոսն է»,-նշեց Ռուզաննա Ադանալյանը:
Փաստաբան Արայիկ Պապիկյանն էլ ընդգծեց, որ արդարադատությունը ակնհայտորեն ոտնահարվել է և դատախազության վարքագիծը կասկած է հարուցում:
Ասուլիսից անմիջապես հետո Ռուզաննա Ադալանյանը պատրաստվում է ակցիա իրականացնել Նախագահական նստավայրի մոտ:
Մանրամասները՝ տեսանյութում: