«Երբ ես բալիկ ունեցա, ինչո՞ւ իմ ցեղից ոչ ոք չկար». դերասանուհու անձնական ողբերգությունը. Ժողովուրդ
Վերջերս անանուն նամակ էր տարածվել, որտեղ հեղինակը պնդում էր, որ դերասանուհի Նաիրա Մովսիսյանը ներկա չի եղել իր հոր հոգեհանգստին, փոխարենը հաջորդ օրը՝ մարտի 16-ին, մեծ շուքով նշել է իր ծննդյան օրը: Նաիրան, պատասխանելով նամակին, նշել է, որ տեղյակ չի եղել հոր մահվան մասին, եւ չի հիշում, թե հորը վերջին անգամ երբ է տեսել. «Վերջերս ասացին, որ վատառողջ է, երեսուն տարվա մեջ չունենալով ոչ մի շփում նրա հետ՝ ես գնացի եւ տեսա նրան ծերանոցում»,-տեղեկացրել էր դերասանուհին: Դրանից հետո արդեն Նաիրան տարածեց հայտարարություն, որտեղ գրել էր, որ քույրը սոլառնացել է սպանել իրեն. «Ես զանգահարեցի, որպեսզի հարցնեմ, թե ինչու տեղյակ չեն պահել հորս մահվան լուրի մասին. ինձ պարզապես սպառնացին՝ ասելով, որ կսպանեն: Ինչ է՝ ես ասել եմ, որ նա եղել է ծերանոցում»: Թեմայի շուրջ օրաթերթը զրուցել է Նաիրա Մովսիսյանի հետ:
-Նաիրա, Դուք, փաստորեն, Ձեր հոր հետ շփում չե՞ք ունեցել:
-Ես իմ հայրիկին ճանաչում էի, մինչեւ հինգ տարեկանն ապրել եմ նրա հետ, բայց հետո շփում չի եղել մեր մեջ:
-Ինչո՞ւ:
-Դա իր անձնական որոշումն էր, մայրս չի արգելել մեզ շփվել, ես էլ իմ հերթին միշտ ձգտել եմ շփվել:
-Այս աղմուկն, ըստ Զեզ, ինչո՞ւ բարձրացավ:
-Ճիշտն ասած՝ չգիտեմ: Հիմա էդ նույն հարցը ես եմ տալիս ազգիս: Երբ ես լավ էի, բալիկ ունեցա, մեր ցեղում լիքը մարդ մահացավ ինչո՞ւ իմ ցեղից ոչ ոք ներկա չէր:
-Ձեր հայրը չի՞ արձագանքել Ձեր՝ երեխա ունենալուն :
-Բացարձակ:
-Ձեր խորթ քույրը ինչո՞ւ որոշեց սպառնալ: Միայն այն բանի համար, որ տեղեկացրել էիք, որ Ձեր հայրը ծերանոցում է:
-Այո’, ինձ սպառնացին, որ կխեղդեն, կմորթեն, կսպանեն, կլացացնեն, որ ասել եմ՝ հորս տարել են ծերանոց, այնինչ՝ դա, նրանց խոսքով, խնամքի կենտրոն է: Բայց ես նորից բարձրաձայնում եմ տվյալ խնամքի կենտրոնը նույն ծերանոցն է: Ամեն դեպքում, այդ հայտարարությունը տարածողները իրենք փոսն ընկան, ոչ թե ես:
-Դուք, այնուամենայնիվ այցելել եք այնտեղ:
֊Այո, երբ քույրս զանգահարեց, ասաց, որ պապան մահամերձ է, ես, մոռանալով որ այդ մարդու հետ շփում չեմ ունեցել, գնացի, հասա այնտեղ: Նույնիսկ աշխատողները հարցրին, թե ինչու են նրան բերել ծերանոց եւ ասացին՝ ուզու՞մ եմ չասենք, որ այցելել եք, ասացի՝ ոչ, ասեք ի՞նչ կա այդտեղ չասելու:
-Դուք ծա՞նր եք տարել այս բոլոր խոսակցությունները:
-Ես սթրես ապրեցի, որ տեղյակ չեն պահել հորս մահվան մասին: Վերջիվերջո, նա իմ արյունն է, ներկա կգտնվեի թաղմանը, թե ոչ, չգիտեմ, բայց ես միշտ ասել եմ, որ իմ պատկերացրած պապայի հետ միասին եմ եղել մտքումս: Տեսակով էլ պապայի աղջիկն եմ:
-Ձեր խորթ քույր-եղբայրներից որեւէ մեկի հետ կապ չունեք, որքանով հասկացա:
-Ոչ, մի եղբայրս ու քույրս ուրիշ կնոջից են, երկու եղբայրներս՝ ուրիշ: Առաջիններին մայրս է պահել շատ տարիներ, բայց իրենք մինչեւ այսօր չեն ընդունում դա: Ես էլ եմ իրենց հետ ապրել, հիշում եմ: Հետագայում որքան փորձել ենք շփվել, մի բան խանգարել է: Տան հարց է բացվել, հայավարի թեմաներ եւ այլն:
-Այն տունը, որտեղ հիմա ապրում եք, ու՞մն է:
-Իմն է ու մայրիկինս:
֊Ձեր խոսքը՝ Ձեր խորթ քույր-եղբայրներին:
-Թող աստված օրհնի իրենց ընտանիքը, թող այնքան երջանիկ լինեն, որ ժամանակ չունենան եւ չփորփրեն ինչն իրենց է վատ, ոչ թե ինձ: Այս աղմուկն ինձ համար փիար եղավ մենեջերս ասում է՝ համացանցում վատ մեկնաբանություններ գրողները քո ցեղից են, լավ մեկնաբանություններ գրողները՝ անծանոթներ: Ոմանք գրել են, որ արժանի չեմ Մովսիսյանների ցեղին, բայց ասեմ, մեր ցեղում շատերն ունեին շնորհք, բայց ես միակն եմ եղել, ով հաղթահարել է «ադաթական պատն» ու ընդունվել թատերական ինստիտուտ: Ասեմ նաեւ, եթե իմանայի հորս մահվան մասին ու չգնայի, ոչնչով չէի տարբերվի իմ ցեղից, որովհետեւ իմ հարազատ հորաքույրս իմանալով, որ իր մայրը մահացել է, տարիներ առաջ չի գնացել թաղմանը:
-Եվ վերջում կարելի՞ է ասել, որ Ձեր անունն անտեղի շահարկվեց:
-Իհարկե, թող մյուս երեխաներից էլ խոսեն, ինչո՞ւ են միայն ինձնից խոսում: Երեւի իրենց թվում էր, որ լրագրողներով գնալու եմ հորս թաղմանն, ու իրենք փիար անեին, թե ինչ ընտիր թաղում են կազմակերպել: Այս թեման փակում եմ: Ես շատ երջանիկ եւ ուրախ եմ այն ամենով, ինչ ստեղծել եմ առանց այդ ցեղի ներկայացուցիչներից որեւէ մեկի մասնակցության:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: