26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Իսկ ո՞վ է փոխարինելի. երկրում պետք է ձեւավորվի հրաժարականների մշակույթ. հայտարարություն

Երկրում պետք է ձեւավորվի հրաժարականների մշակույթ՝ արդյունքի, հասարակության պահանջի եւ սեփական խղճի թելադրանքի հիման վրա: Այս մասին հայտարարություն է տարածել «Այլընտրանքային նախագծեր խումբը», որտեղ միավորված են ԱԺ նախկին պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանում փոխարինելիության խնդիրը շատ ավելի խորն է, քան մենք պատկերացնում ենք։  Ըստ էության, Հայաստանում չկա փոխարինելիության մեխանիզմ։

Ո՞վ է ինքնակամ հեռացել։

Ո՞վ է իր տեղը այս կամ այն արդյունքից հետո ինքնակամ զիջել։ Ո՞ր պաշտոնյան է այս կամ տապալումից հետո իր տեղը զիջել։

Ո՞ր կուսակցության նախագահն է մի պահի ասել՝ ժամանակն է, որ տեղս զիջեմ թիմակցիս։ 20-25 տարով նույն դեմքերն են։ 

Ո՞ր ֆեդերացիայի նախագահն է իր թիմերի խայտառակ ելույթներից հետո իր տեղը զիջել՝ հասկանալով, որ ինքը պետք է հեռանա։ Ճիշտ հակառակը՝ որքան խորն է պարտությունը, այնքան ավելի ագրեսիվ է խոսվում անփոխարինելիության մասին։

Ընտրություններում խայտառակ պարտություն կրած ուժերից ո՞ր մեկի ղեկավարն ասաց. «Ես վերցնում եմ անհաջողության պատասխանատվությունը» եւ հրաժարական տվեց։ Ոչ, բոլորն իրենց տեղում են, նրանք բոլորը հոգու խորքում իրենց անփոխարինելի են զգում։

Ոչ ոք չի ուզում տեսնել արձանագրված արդյունքի եւ իր ուղիղ կապը։ Ում ասվում է, որ պետք է տեղը զիջի, պետք է հեռանա, որովհետեւ կան լուրջ բացթողումներ, տապալումներ, մարդկայնորեն շոկ է ապրում. Ո՞նց թե՝ ե՞ս։ Այդպես են մտածում թե՛ գեներալները, թե՛ ռեկտորները, թե՛ կուսակցապետերը, թե՛ քաղաքապետերը, բոլոր-բոլորը։ 4-5 գումարման անընդմեջ պատգամավորներ կան։ Նույնիսկ կուսակցությունների երիտթեւերի ղեկավարները չեն փոխվում։ Չեն ուզում փոխվել։

Սա էլ, ախր, կենսաբանական-տարիքային բաղադրիչ ունի իր մեջ։ 20-30 տարի մարդիկ նույն պաշտոններինն են։ Գոյություն չունեցող ժուռնալիստների  միության 80-ամյա նախագահն էր դժկամությամբ հեռանում։ Մերձքաղաքական, պետական համակարգերը մի կողմ՝ հկ-ների նախագահների փոփոխություն տեսած կա՞ք։ Անկախ իրենց ոլորտից ու արժեհամակարգից. որեւէ արեւմտամետ ու ազատամիտ հկ-ի ղեկավարի փոփոխություն եղե՞լ է։ Թատրոնների, ստեղծագործական միությունների ղեկավարների փոփոխություն եղե՞լ է։ Այնպիսի տպավորություն է, թե բոլոր տեղերում միայն հաջողություններ ու բարձր արդյունքներ են գրանցվում, եւ հետեւաբար՝ նույն մարդիկ պետք է շարունակեն աշխատել։ Ազգային Հերոսի կոչում ստացած Չեքիջյանը 57 տարի է՝ ղեկավարում է Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը։ Սա լուրջ մտածելու տեղիք է տալիս։ Պատկերացրեք՝ երկար տարիների ընթացքում քանի-քանի սերունդ երիտասարդների չի փոխանցվել «տարիների ընթացում կուտակված՝ երեւացող եւ չերեւացող փորձը»։

Լինում են, իհարկե, դեպքեր, երբ մարդը բացառիկ տաղանդավոր է ու իրոք անփոխարինելի, կամ՝ իր տեղում իրոք չունի համարժեք փոխարինող, բայց սա արդեն նույնպես խնդիր է՝ որոշակի ոլորտում ունակ մարդկանց սակավության խնդիրը, որը նույնպես պետք է ուսումնասիրվի՝ հասկանալու համար, թե ինչու չեն գործում փոխարինողների կայացման մեխանիզմները։ Խնդիրը բոլոր առումներով շատ խորն է։ Սա խոսում է լրջորեն խաթարված մեխանիզմի մասին։ Սա սովորաբար բնորոշ է չկայացած հասարակություններով պետություններին։ Երբ չեն գործում փոփոխությունների քաղաքական աշխարհիկ մեխանիզմները, բոլորը տեղերում իրենց զգում են կաթողիկոսներ՝ անփոխարինելի։

Երկրում պետք է ձեւավորվի հրաժարականների մշակույթ՝ արդյունքի, հասարակության պահանջի եւ սեփական խղճի թելադրանքի հիման վրա։ Ու երկրում պետք է ձեւավորվի պաշտոնանկության մեխանիզմ՝ ոչ թե սիմպատիաների, այլ դարձյալ՝ արդյունքի ու հանրային պահանջի հիման վրա։ Պետությունն ու հասարակությունները կայանում են այդպես»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ