Կոնգրեսմենների հայկական կողմն առաջարկել է էապես ավելացնել Հայաստանին, Արցախին տրվող աջակցությունը
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ ԱՄՆ կատարած այցը շատ կարևոր էր ու հագեցած: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայաստան վերադարձած ԱԺ պատգամավորները ամփոփեցին իրենց այցի արդյունքները: Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ հանդիպումների ժամանակ անդրադարձ է կատարվել Եվրամիության հետ ստորագրված համաձայնագրին, ղարաբաղյան հարցին, հայ-թուրքական արձանագրությունների չեղարկմանը և այլն:
Նաիրա Զոհրաբյանը ևս կարևորեց այցը՝ նշելով, որ փորձել են ներկայացնել ՀՀ արտաքին քաղաքականության հնարավորությունները՝ նոր մարտահրավերներով ու օրակարգով: «Նաև շատ կարևոր եմ համարում, որ կարևորագույն ինստիտուտներում լրջագույն հանդիպումներ տեղի ունեցան, փորձագիտական մակարդակներում ԼՂՀ-ի վերաբերյալ արդյունավետ քննարկումներ եղան»,-նկատեց նա:
Էդմոն Մարուքյանն էլ հավելեց, որ նախկինում հայկական համայնքները հիմնականում հարցնում էին ցեղասպանության ճանաչումից, արցախյան հարցից, սակայն այս անգամ ավելի շատ նաև ՀՀ ներքին խնդիրներից էին հարցնումն, զարգացման հարցերը բարձրացնում:
Աղվան Վարդանյանը շեշտեց, որ կարևոր մեսիջներից մեկն այն էր, որ Հայաստանն առաջնորդվում է ազգային-պետական շահերով այս տարաժաշրջանում: Բացի այդ ներկայացվել են ՀՀ բարեփոխումների ընթացքը: «Մենք ունենք հնարավորություն նաև մեր հայության ներուժով ԱՄՆ-ում ավելիին հասնել: Կոնգրեսմենների հայկական կողմն առաջարկել է էապես ավելացնել Հայաստանին, Արցախին տրվող աջակցությունը»,-նշեց պատգամավորը: