Երբ և ինչպես էր Սեֆիլյանը գրավելու հեռուստաաշտարակը/տեսանյութ/
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ մարտի 16-ին շարունակվում է Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը:
Նշենք, որ այսօրվա նիստում ամբաստանյալների շահերի պաշտպանները հանդես են գալիս պաշտպանական ճառերով: Նախատեսված է լսել նաև գործով ամբաստանյալների վերջին խոսքը:
Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը նշեց, որ մեղադրանքի ձևակերպումներից չի երևում, թե Սեֆիլյանը ինչ կոնկրետ գործողություններ է կատարել զանգվածային անկարգություններ հրահրելու համար. «Օրենքով հանցանք չէ վատ մտքերն ու տրամադրվածությունը: Հարկավոր է կոնկրետ ապացույցներով ցույց տալ, թե ինչ գործողություններ է կատարել Սեֆիլյանը»,-նշեց փաստաբանը:
Հայրապետյանը նկատեց, որ Սեֆիլյանի բնակարանի խուզարկության ժամանակ հայտնաբերվել են արտասահմանյան արտադրության երկաթյա ձողեր և մահակներ,որոնք Սեֆիլյանին են նվիրել տաս տարի առաջ: Նա նշեց, որ մահակ պահելը օրենքով արգելված չէ, մանավանդ դրանք նախատեսված են պաշտպանվելու համար:
Հայրապետյանը ընդգծեց, որ մեղադրանքի հիմքում դրված են դեղին կասկաները, որոնք ձեռք են բերվել վեց տարի առաջ՝ Հիմնադիր խորհրդարանի կողմից: Այդ շինարարական կասկաները հիմնականում կրել են մտավորականները, ովքեր մասնակցել են Փակ շուկայի պահմանմանը միտված ակցիաներին:
Հայրապետյանի խոսքով՝ եթե Սեֆիլյանը պետք է զինված ապստամբություն աներ, ապա նրա ինչին էին պետք մահակները:
Փաստաբանը անդրադարձավ նաև այն մեղադրանքին, ըստ որի Սեֆիլյանը պատրաստվում էր գրավել Նուբարաշենի զորամասը և հեռուստաաշտարակը և ռազմավարական նշանակություն ունեցող այլ օբյեկտներ:
Փաստաբանը նշում է, որ այս մեղադրանքը հիմնավորող բավարար ապացույցներ ևս չկան:
Արդեն հայտնել ենք, որ մեղադրող-դատախազը Սեֆիլյանի համար պահանջել է 11 տարվա ազատազրուկում, Գեւորգ Սաֆարյանի համար 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանի համար` 4 տարի, Գալուստ Գրիգորյանի համար 3 տարի, Հրայր Թոփչյանի համար 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանի համար պահանջեց 4 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանի համար 2 տարվա ազատազրկում:
Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին:
Մանրամասները՝ տեսանյութում: