Ռուսական նոր ավիաընկերություն է մուտք գործելու հայկական շուկա (տեսանյութ)
Կառավարությունն այսօրվա նիստին որոշում ընդունեց «Հայաէրոնավիգացիա» և «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունները միացման ձևով վերակազմակերպելու մասին: Նիստից հետո Հայաստանի Քաղավիացիայի վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը ճեպազրույցի ժամանակ ասաց, որ արդյունքում ստանալու են մեկ պատուհանի սկզբունքով գործող կառույց, որը մատուցելու է ավիանավիգացիոն ամբողջական փաթեթով ծառայություններ, և հավելյալ պայմանագրեր ու վճարների հարցը վերացվելու է: Նա հավելեց, որ ավելի տրամաբանված ու գործուն համակարգ է լինելու, խնայողությունն էլ այն է լինելու, որ օդերևութաբանական ծառայությունների համար վարձավճարը, որ 30 հազար դրամ է կազմում, չի լինելու:
«Անուղղակի ձևով ցանկացած բարեփոխում կազդի տոմսի գնի վրա»,-ասաց Ավետիսյանը:
Ինչ վերաբերում է տեղեկություններին, թե նոր ռուսական ավիաընկերություն է մուտք գործելու հայկական ավիացիոն շուկա, նա նշեց, որ սա շատ ուրախալի է, և այստեղ մենաշնորհի մասին խոսելն անիմաստ է ու ճիշտ չէ: «Նոր ավիաընկերություն է, որն ամենօրյա ռեժիմով չվերթներ է իրականացնելու դեպի Ռուսաստան, ինչը ևս դրական է անդրադառնալու մրցակցության վրա»,-նշեց նա:
Դիտարկմանը, թե դեպի Ռուսաստան տոմսերը բավական թանկ են, Սերգեյ Ավետիսյանն արձագանքեց. «Համաձայն չեմ: Տնտեսագիտության բազային կանոններն ասում են, որ ավելացող մրցակցությունն ազդում է գների վրա դրականորեն»: