9 տարեկան աղջիկը կրծքագեղձի քաղցկեղ ունի.ինչպես պայքարել քաղցկեղի դեմ
«Քաղցկեղը գնալով երտասարդանում է, սակայն հուսադրող է այն փաստը, որ կարողանում ենք դրա դեմ պայքարել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայ- ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:
Խաչանուշ Հակոբյանը նշեց, որ Հայաստանում ամենափոքր քաղցկեղով հիվանդը` 9 տարեկան է.«Աղջիկ երեխա է ու պատահաբար է հայտնաբերվել հիվանդությունը: 10 տարեկան մի տղա էլ ունենք վահանաձև գեղձի քաղցկեղով: Սա չափազանց ցավալի է ու այդ պատճառով հորդորում եմ ժամանակի անցնել ստուգումները, որպիսի հնարավոր լինի կանխարգելել այդ չարաբաստիկ հիվանդությունը նախաքաղցկեղային փուլում»:
Խաչանուշ Հակոբյանը որպես օրինակ մի դեպքի մասին խոսեց.«Մի աղջիկ 17 տարեկանից սկսած տարին մեկ անգամ գալիս էր մեզ մոտ և կրծքի սոնոգրաֆիա էր անում, քանի որ մամոգրաֆիան արվում է 40 տարեկանից հետո: Աղջկա մոտ ֆիբրոզ էր ախտորոշվել ու նա շատ անհանգիստ էր: Այդ աղջիկը հիմա 25 տարեկան է ու այս ստուգման ժամանակ բժշկուհին կասկածելով առաջարկել էր մամոգրաֆիա: Նրա մոտ բրնձի հատիկի չափի գոյացություն է հայտնաբերվել: Վստահաբար կարող եմ ասել, որ աղջիկը կբուժվի, քանի որ ժամանակին արված հետազոտությունը փրկելու է նրա կյանքը»,-մանրամասնեց Խաչանուշ Հակոբյանը: